Ուկրաինան հրաժարվում է անվտանգության ցանկացած երաշխիքներից, որոնք կփոխարինեն ՆԱՏՕ-ին լիիրավ անդամակցությանը, հայտարարել է Ուկրաինայի ԱԳՆ-ն։
«Ուկրաինայի անվտանգության միակ իրական երաշխիքը, ինչպես նաև Ուկրաինայի և այլ պետությունների դեմ ռուսական հետագա ագրեսիայի զսպող միջոցը ՆԱՏՕ-ին Ուկրաինայի լիիրավ անդամակցությունն է», - ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ։
Գերատեսչությունը բացատրել է, որ իրենք չեն դիտարկում այլ տարբերակներ՝ «Բուդապեշտի հուշագրի փորձից» ելնելով, ըստ որի՝ Կիևին պետք է ապահովվեր անվտանգություն և երաշխավորված ինքնիշխանություն՝ միջուկային զենքից հրաժարվելու դիմաց։
Ռուսաստանը, որը փաստաթղթի ստորագրողներից էր, անտեսեց իր պարտավորությունները և սկսեց ագրեսիա Ուկրաինայի դեմ։ Դա խաթարեց «միջուկային զինաթափման գաղափարի նկատմամբ վստահությունը» և առաջացրեց «անվտանգության սպառնալիքների աղետալի աճ» ինչպես Ուկրաինայի, այնպես էլ Եվրոպայի և ամբողջ աշխարհի համար, ընդգծել են Ուկրաինայի գերատեսչությունում։ Այժմ Կիևն առաջարկում է ուղղել այս սխալը, սակայն դրա համար անհրաժեշտ են անվտանգության «արդյունավետ», «հստակ, իրավաբանորեն պարտադիր» երաշխիքներ։
«Մեր հետևում ունենալով Բուդապեշտի հուշագրի դառը փորձը՝ մենք չենք համաձայնի ՆԱՏՕ-ին Ուկրաինայի լիիրավ անդամակցության այլընտրանքներին, փոխարինիչներին», - եզրափակել է դիվանագիտական գերատեսչությունը։
Միևնույն ժամանակ, ՆԱՏՕ-ի 32 անդամների միջև կոնսենսուսի ոչ մի նշան դեռեւս չկա Ուկրաինային ՆԱՏՕ հրավիրելու վերաբերյալ, Reuters-ին հայտնել են դիվանագիտական աղբյուրները։ Նրանց կարծիքով՝ այս թեման դժվար թե քննարկվի դեկտեմբերի 3-ին եւ 4-ին Բրյուսելում կայանալիք հանդիպմանը։ Սակայն, ինչպես գրում է Deutsche Welle-ն, ուկրաինական պատվիրակությունը պատրաստվում է դաշինքին հրավերի հարցը բարձրացնել ՆԱՏՕ-Ուկրաինա խորհրդի նիստում՝ նախարարների հանդիպման շրջանակներում, որը տեղի կունենա դեկտեմբերի 3-ին։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նոյեմբերի վերջին հայտարարել էր, որ պատերազմի «թեժ փուլը» կարող է ավարտվել, եթե ուկրաինական վերահսկվող տարածքն անցնի «ՆԱՏՕ-ի հովանու ներքո»։ Միաժամանակ նա պարզաբանել է, որ առանց Ռուսաստանի կողմից օկուպացված տարածքների հնարավոր չէ երկիրը հրավիրել ռազմական դաշինքի։
«Ուկրաինայի տարածքի մի մասի համար ՆԱՏՕ-ի հրավեր լինել չի կարող։ Սա ավտոմատ ճանաչում է, որ մնացած բոլոր տարածքները ոչ միայն վտանգի տակ են, այլ բոլոր մյուս տարածքները ուկրաինական չեն, ուստի Ուկրաինան երբեք չի համաձայնի դրան»,- ասել է Զելենսկին։





























