ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը ընտրություն է կատարելու իր թիմի ունեցած երեք պլանների միջեւ։ Դրանցից մեկը մշակել է ապագա փոխնախագահ Ջեյմս Դեւիդ Վենսը, տեղեկացրել է Reuters գործակալությունը։
Վենսի պլանից բացի Թրամփն ուսումնասիրում է Քիտ Քելոգի առաջարկը, ինչպես նաեւ երկրի ազգային հետախուզության տնօրենի պարտականությունները կատարող Ռիչարդ Գրենելի առաջարկը։
Վենսի եւ Գրենելի նախագծերի բովանդակությունը չի նշվում, բայց Reuters-ը հիշեցրել է, որ ապագա փոխնախագահը դեմ է օգնության տրամադրմանն Ուկրաինային, մերժել է Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին, բայց եւ ընդգծել է, որ անհրաժեշտ է ստեղծել ապառազմականացված գոտի ՌԴ-ի հետ սահմանին։
Գրենելը նույնպես կարծում է, որ Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին «չի համապատասխանում Միացյալ Նահանգների շահերին»։ Գրենելը Նյու Յորքում Թրամփի եւ Զելենսկու հանդիպման մասնակիցներից մեկն էր սեպտեմբերին, տեղեկացրել է աղբյուրը գործակալությանը։
Հայտնի են Քելոգի պլանի մանրամասները, նա առաջարկում է ավելացնել օգնությունն Ուկրաինային, եթե ՌԴ-ն չհամաձայնի բանակցություններին։ Գործակալությունը սակայն նշել է, որ դա կարող է բացասական արձագանք առաջացնել Կոնգրեսում, քանի որ «Թրամփի մերձավոր դաշնակիցներից ոմանք դեմ են Ուկրաինայի լրացուցիչ օգնությանը։ «Չեմ կարծում, թե որեւէ մեկն իրատեսական պլան ունի [հակամարտության] ավարտի վերաբերյալ»,- ասել է ՌԴ գծով Ազգային հետախուզական խորհրդի նախկին գլխավոր մասնագետ Յուջին Ռումերը։





























