Շատ սենատորներ մտադիր չեն քվեարկել Fox Newsհեռուստաալիքի լրագրող Փիտ Հեգսեթի օգտին Պենտագոնի ղեկավարի պաշտոնում։ Այս մասին տեղեկացրել է ABC News հեռուստաալիքը՝ հղում կատարելով աղբյուրներին։

Թրամփի խորհրդականները քննարկում են տարբեր թեկնածություններ։ Նրանց մեջ են Ջոն Էռնստը (հանրապետական Այովա նահանգից), Ֆլորիդայի նահանգապետ Ռոն Դեսանտիսը, հանրապետական սենատոր (Թենեսի նահանգից) Բիլ Հագերթին եւ Մայք Ուոլթցը, որին Թրամփն արդեն նշանակել է ազգային անվտանգության գծով օգնականի պաշտոնում։ Դեսանտիսի աղբյուրները հավաստիացնում են, որ նա հետաքրքրված է այդ պաշտոնով։

NBC News-ի տվյալներով՝ վեց հանրապետական սենատոր հայտնել է, որ մտադիր չէ աջակցել Հեգսեթի թեկնածությանը։ Նրան մեղադրում են սեքսուալ ոտնձգությունների եւ ալկոհոլի հետ կապված հնարավոր խնդիրների մեջ։

Հեգսեթը սովորել է Փրինստոնի եւ Հարվարդի համալսարաններում։ Նա մարտական գործողությունների վետերան է, ծառայել է Աֆղանստանում եւ Իրաքում։ Ութ տարի նա աշխատում է Fox News հեռուստաալիքում։ Նա նաեւ գրել է մի քանի գրքեր եւ գլխավորել է վետերանների իրավունքների պաշտպանության երկու կազմակերպություն։ Ինչպես նշել է Associated Press գործակալությունը, Հեգսեթի թեկնածության առաջադրումը Թրամփի կողմից Պենտագոնի ղեկավարի պաշտոնում երկյուղներ է առաջացրել ռազմական գերատեսչության ներկայացուցիչների շրջանում։