Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլը շաբաթ օրը հայտնել է, որ «անկեղծորեն ցավում է», որ անհանգստացրել է հասարակությանը՝ ռազմական դրություն հայտարարելով, տեղեկացրել է Yonhap-ը։

Նա ասել է, որ ռազմական դրություն մտցրել է «հուսահատությունից», բայց խոստովանել է, որ հանկարծակի ընդունած որոշումը «անհանգստություն եւ անհարմարություն» է առաջացրել մարդկանց համար։

«Ես չեմ խուսափի իրավաբանական եւ քաղաքական պատասխանատվությունից»,- ասել է նա՝ խոստանալով բոլոր որոշումները թողնել իր Ժողովրդական իշխանության կուսակցությանը։

Հարավային Կորեայի նախագահը ռազմական դրություն հայտարարել էր երեքշաբթի երեկոյան եւ չեղարկել այն այն բանից վեց ժամ հետո, երբ Ազգային ժողովը դեմ էր քվեարկել։

YTN հեռուստաալիքի կայքում հրապարակվել նախագահի ուղերձի տեքստը, որտեղ նա մեղադրում է ընդդիմությանը, որ այն կաթվածահար է անում պետության աշխատանքը։ Ազգային ժողովը իմփիչմենթով սպառնացել է 22 պետծառայողի, այդ թվում մի քանի դատախազների, ներքին գործերի եւ պաշտպանության նախարարներին։

Ընդդիմադիր պատգամավորները Հետաքննությունների ազգային վարչություն են ներկայացրել խռովության պաշտոնական մեղադրանք նախագահի, պաշտպանության նախկին նախարարի, բանակի շտաբի պետի, որը ղեկավարում էր ռազմական դրությունը, ներքին գործերի նախարարի եւ այլոց դեմ։ Ընդդիմությունը իմփիչմենթի ընթացակարգ է սկսել։

Հարավային Կորեայի ոստիկանությունը սկսել է հետաքննություն երկրի նախագահի նկատմամբ՝ կապված խռովության մեղադրանքի հետ։

Յունը նախագահ է ընտրվել 2022թ. մայիսին մեկ հնգամյա ժամկետով։