Իլոն Մասկը ավելի քան մեկ քառորդ մլրդ դոլար է ծախսել Թրամփին եւ այլ հանրապետականների աջակցելու համար, վկայում են հինգշաբթի հրապարակված տվյալները, տեղեկացրել է CBS News-ը։
Այս գումարը նրան դարձնում է 2024թ. ընտրարշավի ամենամեծ դոնորը։
Մասկի ծախսերի հիմնական մասը բաժին է ընկել նրա սեփական America PAC հիմնադրամին, որում նա ներդրել է 239 մլն դոլար։ Բայց փաստաթղթերը նաեւ ցույց են տալիս, որ Մասկը կանգնած է եղել քաղաքական գործողությունների կոմիտեի հետեւում՝ օգտագործելով Գերագույն դատարանի հանգուցյալ դատավար Ռութ Բեյդեր Գինզբուրգի անունը, «RBG PAC»-ի, որի գովազդում, ինչպես նշվել է, պարունակվել են մոլորեցնող պնդումներ այն մասին, որ Գինզբուրգը կողմնակից է աբորտներին, ինչպես եւ Թրամփը։
Մասկը PAC-ում ներդրել է 20,5 մլն դոլար՝ միակ մուծումը, որը այն ստացել է։ Կոմիտեն գովազդ է թողարկել, որն ընդգծում է Թրամփի հայտարարություններն այն մասին, որ ընտրվելու դեպքում վետո կդնի աբորտների ազգային արգելքի վրա։
Մասկը նաեւ 10 մլն է ներդրել Senate Leadership Fund հիմնադրամում, որը աջակցում է հանրապետական թեկնածուներին Սենատում, եւ 3 մլն MAHA Alliance PAC-ում, որը կապված է Ռոբերտ Ֆ. Քենեդի-կրտսերի «Ամերիկան դարձնենք նորից առողջ» կարգախոսի հետ։
Մասկը եւ էլի մի քանի դոնորներ America PAC-ի միջոցով ֆինանսավորել են ընտրարշավը գովազդների եւ այլնի միջոցով։ Սակայն America PAC-ի ծախսերի ամենամեծ հոդվածը դարձավ 40,5 մլն դոլարի վճարումը United States of America, Inc ընկերությանը, որն անցած ամիս գրանցվել է Մասկի հետ կապված հասցեում։ Պարզ չէ, թե ինչպես են օգտագործվել այդ միջոցները։
Հոկտեմբերին Մասկը նաեւ խոստացել էր օրական 1-ական մլն դոլար բաժանել Փենսիլվանիայում գրանցված ընտրողին, որը կստորագրի նրա խնդրագիրը։ Վիճակախաղը վիճարկվել է դատարանում, բայց դատավորը որոշել է, որ այն կարող է իրականացվել։
Մասկի փաստաբանները հայտնել են, որ հաղթողներն ընտրվել են ոչ պատահաբար, այլ իրենց անձնական պատմությունների հիման վրա, իսկ միջոցները եղել են պայմանագրի մի մասը, որը նրանք ստորագրել են, որպեսզի դառնան նրա America PAC-ի ներկայացուցիչ։ Այժմ Մասկը բախվել է բազմաթիվ հայցերի այն մասնակիցների կողմից, որոնք նշում են, որ վիճակախաղը ներկայացվել է կեղծ լույսով։




























