Ռումինիայի նախագահի ընտրությունների առաջին փուլի առաջատար թեկնածու Կելին Ջորջեսկուն, որը  սկանդալի կենտրոնում է հայտնվել՝ Ռուսաստանին ընտրություններին միջամտելու մեղադրանքի պատճառով, հայտարարել է, որ քվեարկությունը չեղարկելու մասին սահմանադրական դատարանի որոշումը «ճակատագրական էր ժողովրդավարության համար», տեղեկացնում է Reuters-ը։

Կիրակի առավոտյան կողմնակիցների և լրագրողների ամբոխը Ջորջեսկուին դիմավորել է դպրոցում, որտեղ նա պետք է քվեարկեր:

«Մենք կշարունակենք շարժվել ժողովրդավարական ուղով։ Ես շատ հստակ պահանջում եմ խաղաղություն, այն ամենը, ինչ ունենք, որպեսզի վերականգնենք մեր ժողովրդավարությունը, քանի որ ժողովրդավարությունը չեղարկվել է դատարանի կողմից»,- հայտարարել է նա։

Միևնույն ժամանակ, Ջորջեսկուի մրցակից, եվրոպամետ քաղաքական գործիչ Ելենա Լասկոնին դեկտեմբերի 7-ով թվագրած և շաբաթ ուշ երեկոյան X սոցիալական ցանցում հրապարակած  նամակում, դիմելով  ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին, հայտարարել է, որ ինքը նույնպես մտավախություն ունի, որ «ժողովրդավարությունը վտանգված է»։

«Վերջին 35 տարիների ընթացքում մենք ժողովրդավարություն ենք ունեցել, բայց կառավարությունը և կոռումպացված քաղաքական գործիչները չեն կարողացել օգնել ռումին ժողովրդին, - գրել է նա:- Ես վախենում եմ, որ մեր առջև 15 տարի է մնացել, կամ գուցե ավելի քիչ, երբ ոչ ոք չի ցանկանա գնալ դեպի բռնապետություն»:

Ռումինիայի սահմանադրական դատարանը ավելի վաղ չեղյալ էր հայտարարել երկրի ներկայիս նախագահական ընտրությունները՝ Ռուսաստանի միջամտության մասին մեղադրանքներից հետո, և ուրբաթ օրը վճռել է, որ ամբողջ գործընթացը, որը պետք է ավարտվեր այս շաբաթավերջին, պետք է վերսկսվի: Ռուսաստանը հերքում է գործընթացին ունեցած միջամտությունը։

Նախագահական ընտրությունների երկրորդ փուլը պետք է կայանար այսօր՝ դեկտեմբերի 8-ին։

Reuters-ն ընդգծում է, որ եթե Ջորջեսկուն հաղթի նախագահական ընտրություններում, դա գլխիվայր կշրջի ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրների արևմտամետ քաղաքականությունը՝ Ռումինիային ավելի մոտեցնելով Ռուսաստանին բարեկամ առաջնորդներ ունեցող Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրներին։

Ջորջեսկուն ցանկանում է դադարեցնել Ռումինիայի աջակցությունն Ուկրաինային։