Այսօր այս ֆորումը խիստ կարեւոր է, երբ աշխարհի մի շարք տարածաշրջաններում կատարվում են հանցագործություններ՝ ընդհուպ մինչեւ ցեղասպանություն։ Այս մասին նշվել է ՄԱԿ մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Ֆոլքեր Թյուրքի ուղերձում «Ցեղասպանության հանցագործության դեմ» 5-րդ գլոբալ ֆորումի մասնակիցներին, որն անցկացվում է Երեւանում։

«Ողջունում եմ ցեղասպանության կանխման մասին ֆորումի գաղափարը։ Ցեղասպանության կանխման ամենագլխավոր միջոցն այն է, որպեսզի բոլոր հակամարտող կողմերը հարգանք ցուցաբերեն մարդու իրավունքների հանդեպ, քանի որ այդ ծանր հանցագործություններին նախորդում է համակարգային խտրականությունը եւ ատելության հրահրումը ռասայական, կրոնական կամ այլ նշաններով։

Պետություններն ունեն առաջնային պարտավորություն՝ կանխել նման խախտումները։ Սակայն այսօր շատ երկրներ ձախողում են իրենց պարտավորությունների կատարումը։ Ես կոչ եմ անում բոլոր պետություններին հետեւել պատերազմների վարման նորմերին եւ համագործակցել միջազգային կազմակերպություների հետ՝ հանցագործությունների հետաքննության եւ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու նպատակով։ Դա ենթադրում է հետեւողական աջակցություն միջազգային մեխանիզմներին, Միջազգային քրեական դատարանի որոշումների հարգում եւ կատարում»,- նշել է Թյուրքը։