Մոսկվայում ձերբակալվել են երկու հայաստանցիներ` քաղաքի մանկապարտեզների ու դպրոցների վերանորոգման ժամանակ 2 մլն ռուբլի (63 հազար դոլար) հափշտակելու մեղադրանքով: Նրանց «խաբեբայության» մեղադրանք է առաջադրվել:

Քննության տվյալներով, այս տարվա հունիսից նոյեմբեր ընկած ժամանակահատվածում, հանցավոր խմբի անդամները, հանդես գալով առեւտրային կազմակերպության անունից, պետական պայմանագրեր են կնքել Մոսկվայի պետական հաստատությունների հետ` բազմաբնակարան շենքերի կապիտալ վերանորոգման վերաբերյալ: Կազմակերպությունը պետք է բարեկարգեր Մոսկվայի ավելի քան 100 մանկապարտեզներ ու դպրոցներ` 300 մլն ռուբլի ընդհանուր գումարով:

Օգոստոս-սեպտեմբերին նրանք ֆիկտիվ փաստաթղթեր են ներկայացրել, իբր աշխատանքներն ամբողջությամբ կատարվել են: Ըստ այդմ, պետության կողմից  կազմակերպության հաշվին է փոխանցվել շուրջ 100 մլն ռուբլի:

Ավելի ուշ, ստուգումների ժամանակ պարզվել է, որ 100 մանկապարտեզներից երեքում, աշխատանքներ չեն կատարվել, թեեւ գումարները ստացվել են:

Այսկերպ, հանցավոր խմբին հաջողվել է յուրացնել 2 մլն ռուբլի: