Եվրամիության կարգավորիչները երեքշաբթի հայտարարել են, որ իրենք հետաքննում են, թե արդյոք չինական TikTok հարթակը խախտել է դաշինքի թվային կանոնները՝ չկարողանալով կառավարել Ռումինիայի նախագահական ընտրությունների ռիսկերը, հաղորդում է Associated Press-ը:

Եվրահանձնաժողովն ուժեղացրել է տեսահոլովակի տարածման հանրաճանաչ հարթակի նկատմամբ վերահսկողությունը, երբ Ռումինիայի բարձրագույն դատարանը չեղյալ է համարել քվեարկության առաջին փուլի արդյունքները, որի արդյունքում հաղթել է ցածր վարկանիշ ունեցող թեկնածուն:

Դատարանը աննախադեպ որոշում է ընդունել, երբ Եվրամիության և ՆԱՏՕ-ի իշխանությունները գաղտնազերծել են փաստաթղթեր, որոնցում նշվում է, որ թեկնածու Կալին Գեորգեսկուին գովազդելու համար Ռուսաստանը սոցիալական ցանցերում «զանգվածային արշավ է կազմակերպել»:

«Հաշվի առնելով լուրջ նշանները, որ օտարերկրյա դերակատարները TikTok-ի միջոցով միջամտել են Ռումինիայի նախագահական ընտրություններին, այժմ մանրակրկիտ հետաքննում ենք՝ արդյոք TikTok-ը խախտել է թվային ծառայությունների օրենքը՝ չկարողանալով վերացնել նման ռիսկերը: Պետք է միանգամայն հստակ լինի, որ ԵՄ-ում բոլոր առցանց հարթակները, ներառյալ Tik Tok-ը, պատասխանատվության են ենթարկվելու»,-ասված է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հայտարարության մեջ:

Ավելի վաղ Ռումինիայի Սահմանադրական դատարանը ՝ Ռուսաստանի միջամտության մեղադրանքներից հետո չեղյալ էր հայտարարել երկրի ընթացիկ նախագահական ընտրությունների արդյունքները և վճռել էր, որ ամբողջ գործընթացը պետք է վերսկսվի: Ռուսաստանը հերքում է գործընթացին որևէ միջամտություն:

Նախագահական ընտրությունների երկրորդ փուլը պետք է անցկացվեր դեկտեմբերի 8-ին։ Ավելի վաղ Եվրամիությունը հանձնարարել էր TikTok սոցիալական ցանցին սառեցնել Ռումինիայի ընտրություններին առնչվող տվյալները։