Ճապոնիայի արտգործնախարար Տակեշի Իվայան չորեքշաբթի Պեկինում իր գործընկեր Վանգ Յիի հետ հանդիպմանը «լուրջ մտահոգություն» է հայտնել Չինաստանի ռազմական հզորացման վերաբերյալ, հաղորդում է Ֆրանսպրես գործակալությունը:
Այս տարվա սկզբին Ճապոնիայի գլխավոր դիվանագետ դառնալուց հետո իր առաջին այցի ժամանակ Իվայան Վանգին ասել է, որ Տոկիոն «ուշի-ուշով հետևում է Թայվանի իրավիճակին և վերջին ռազմական զարգացումներին», հայտնել են Ճապոնիայի ԱԳՆ-ում:
Հանդիպելով Վանգի հետ Պեկինի շքեղ Դիաոյու պետական հյուրատանը, նա միաժամանակ «լուրջ մտահոգություն է հայտնել Արևելաչինական ծովում տիրող իրավիճակի կապակցությամբ, ներառյալ Սենկակու կղզիների (և) Չինաստանի աճող ռազմական ակտիվությունը:
Իվայան միաժամանակ կոչ է արել «անհապաղ ազատ արձակել» Չինաստանի իշխանությունների կողմից ձերբակալված Ճապոնիայի քաղաքացիներին:
«Լրտեսության դեմ պայքարի մասին օրենքի առնչությամբ անորոշությունը ճապոնացիներին ստիպում է Չինաստան այցելելուց առաջ երկու անգամ մտածել»,-ասել է նա։
Ընդ որում երկու նախարարները համաձայնել են աշխատել, որպեսզի Վանգի այցը Ճապոնիա տեղի ունենա «հաջորդ տարի՝ հնարավորինս շուտ»: Ավելի վաղ Իվայան հանդիպել է Չինաստանի վարչապետ Լի Ծյանգի հետ և պայմանավորվել աշխատել «կառուցողական և կայուն» հարաբերություններ հաստատելու ուղղությամբ, գրում է ճապոնական Kyodo գործակալությունը:
Ինչպես նշում է Ֆրանսպրես գործակալությունը, Չինաստանը և Ճապոնիան հիմնական առևտրային գործընկերներն են, սակայն վիճելի տարածքների և ռազմական ծախսերի շուրջ աճող տարաձայնությունները վերջին տարիներին խաթարել են նրանց կապերը:





























