Անգլիայի եկեղեցին փոփոխությունների կարիք ունի աղմկալի սկանդալից հետո, որը հանգեցրել է Քենթրբերիի արքեպիսկոպոս Ջասթին Ուելբիի հրաժարականին։ Այս մասին սուրբծննդյան քարոզում ասել է Ուելբիի հաջորդը՝ Յորքի արքեպիսկոպոս Սթիվեն Քոտրելը։

«Այս Սուրբ Ծնունդին Աստծո Եկեղեցին ինքը պետք է գա մսուրի մոտ և, դեն նետելով իր զարդարանքը՝ ծնկի գա ապաշխարության եւ երկրպագության համար: Եվ փոխվի»,- ասել է Քոտրելը, որի խոսքերը մեջբերել է BBC-ն։

Դիմելով Հերովդես թագավորի աստվածաշնչյան պատմությանն ու մանուկների կոտորածին՝ Քորտելն ընդգծել է «խոցելի երեխաների մասին հոգ տանելու» անհրաժեշտությունը։ Անգլիայի եկեղեցու երկրորդ ավագ հոգեւորականը հունվարի 6-ից կստանձնի նրա հոգեւոր առաջնորդի պարտականությունների մեծ մասը։ Սակայն Քենթրբերիի նոր արքեպիսկոպոսը գաղտնի քվեարկությամբ կընտրվի միայն 2025թ. աշնանը։

Ուելբիի հրաժարականը պահանջող կոչերի ալիքը բարձրացել է բրիտանացի իրավաբան Ջոն Սմայթի աղմկահարույց գործի վերաբերյալ անկախ զեկույցի հրապարակումից հետո, որը մահացել է 2018թ. Հարավային Աֆրիկայում, առանց դատավարության, ավելի քան 100 անչափահասների նկատմամբ ֆիզիկական, սեռական եւ հոգեբանական բռնության մեղադրանքով։ Ինչպես նշվել է փաստաթղթում, Անգլիայի եկեղեցու ղեկավարությունը երկար տարիներ տեղեկություններ ուներ, որ Սմայթի զոհ են դարձել 13-17 տարեկան տասնյակ տղաներ։ Սմայթը նրանց հետ ծանոթանում էր քրիստոնեական ամառային ճամբարներում եւ եկեղեցական միջոցառումների ժամանակ, որտեղ նա հրավիրվում էր որպես բանախոս, ձեռք էր բերում նրանց վստահությունը եւ համոզում, որ նրանք չափից դուրս շատ են մեղանչում, եւ ենթարկում էր նրանց ծանր մարմնական պատժի իր տանը՝ նրանց մեղքերը «քավելու» համար:

Փաստաթղթի հեղինակներն ընդգծել են, որ Ուելբին, որն ընկերություն է արել Սմայթի հետ հանցագործությունների կատարման ժամանակ, հնարավորություն ուներ եւ պարտավոր էր այս գործը հրապարակայնացնել դեռևս 2013թ. եւ Անգլիայի եկեղեցուն հասանելի տվյալները փոխանցել ոստիկանություն, բայց, փաստորեն, կոծկել է մանկապիղծին։

Ինքը՝ Ուելբին, խոստովանել է, որ երբ 2013թ. ստանձնել է պաշտոնը, իրեն տեղեկացրել են, որ ոստիկանությունը տեղյակ է բռնության մի շարք դեպքերի մասին, որոնց մեծ մասը տեղի է ունեցել 1970-ական եւ 1980-ական թթ.։ Միեւնույն ժամանակ, նախկին արքեպիսկոպոսը խոստովանել է, որ բավական բան չի արել գործը հետաքննելու եւ մեղավորներին պատժելու համար։

Քոտրելի հեղինակությունը եւս անբասիր չէ։ Նա մեղադրվում է քահանա Դեւիդ Թյուդորին ժամանակին չհեռացնելու մեջ, որը դատապարտվել էր 1988թ. մի քանի աղջիկների նկատմամբ սեռական ոտնձգությունների համար, բայց հինգ տարի անց վերադարձել էր եկեղեցական ծառայության՝ ի վերջո ստանալով բարձր պաշտոններ: 2019թ. Թյուդորի դեմ նոր բողոք է ներկայացվել՝ կապված սեռական ոտնձգության մեկ այլ դեպքի հետ, որը տեղի է ունեցել ավելի քան 30 տարի առաջ։