Չեչնիայից փախստական Ջամիլյա Տիմաևան մեղավոր է ճանաչվել Մեծ Բրիտանիայում բռնության կոչերով տեսանյութեր տարածելու մեջ։ Այս մասին հայտնում է The Daily Telegraph թերթը՝ հղում անելով Լոնդոնի Օլդ Բեյլի Կենտրոնական քրեական դատարանի որոշմանը։

Նշվում է, որ 20-ամյա Տիմաևայի դատավճիռը կհրապարակվի մարտի 7-ին։ Ինչպես նշում է պարբերականնը, կինը ձերբակալվել է 2022 թվականի հոկտեմբերին Լոնդոնի Հիթրոու օդանավակայանում, որտեղից նա պատրաստվում էր մեկնել Թուրքիա։

Թերթի տվյալներով՝ Տիմաևան աշխատել է իսլամական դպրոցում, որտեղ երեխաներին «ջիհադի դասեր» է տվել։ Նա, մասնավորապես, ցուցադրել է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության կողմից արված «Խրախուսել հավատացյալներին» տեսանյութը, որը հրազենով կամ դանակներով հարձակումների և շենքերի, անտառների և գյուղատնտեսական հողերի այրման կոչեր է պարունակում: Կինը հերքել է իր մեղքը։ Միևնույն ժամանակ, դատարանը հանել է Տիմաևային ուղղված երեք մեղադրանք՝ 2022 թվականի հոկտեմբերից մինչև 2023 թվականի մարտ ժամանակահատվածում ահաբեկչական նյութեր տարածելու համար։

Տիմաևան՝ որպես փախստական, ընտանիքի հետ Չեչնիայից տեղափոխվել է Մեծ Բրիտանիա 2013 թ․՝այն բանից հետո, երբ Շվեյցարիան և Լյուքսեմբուրգը մերժել են նրան ապաստանի հարցում: Նա վեց տարի ապրել է Ուելսի Քարդիֆ քաղաքում։ 2019 թ․ այս ընտանիքի բոլոր անդամները ապաստան են ստացել և տեղափոխվել Վինձոր։ Դատարանում Տիմաևան ասել է, որ իսլամը կարևոր դեր ունի իր կյանքում և որ Ղուրանը անգիր է արել 12 տարեկանում:

Դատական նիստերի ընթացքում պարզվել է, որ կինն իր հեռախոսում պահել է ավելի քան 5 հազար տեսանյութ, որոնցից շատերը անհավատների և հրեաների նկատմամբ բռնության կոչեր են պարունակել։ Պարբերականն ընդգծել է, որ Տիմաեւան աշխատել է որպես Վինձորի մահմեդական ասոցիացիայի ավագ ուսուցչուհի։ Սպասվում էր, որ նա շուտով կսկսի դասեր տալ Մեյդենհեդի կիրակնօրյա իսլամական կրթական կենտրոնում: