Կանադան դիտարկում է ԱՄՆ-ի մի շարք ապրանքների, այդ թվում՝ նարնջի հյութի նկատմամբ պատասխան մաքսատուրքերի սահմանման հնարավորությունը, եթե նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը 25 տոկոս մաքսատուրքեր սահմանի երկրի հյուսիսից ներկրվող ապրանքների վրա։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով տեղական ԶԼՄ-ներին։
Նարնջի հյութը հիմնականում արտադրվում է Թրամփի հայրենի Ֆլորիդայում: Դիտարկվող մյուս իրերից են կերամիկական արտադրանքները, որոշ պողպատե արտադրանքներ, ապակյա և մի շարք պլաստիկե իրեր՝ հաղորդում է The Globe and Mail-ը:
Թերթը հայտնել է, որ պատասխան հարվածնի հնարավոր թիրախների ցանկը վերջնական չէ։ Նոյեմբերին Թրամփը խոստացել էր, որ ԱՄՆ նախագահի պաշտոնում իր առաջին օրը բարձր մաքսատուրքեր կսահմանի Կանադայից և Մեքսիկայից ներկրվող բոլոր ապրանքների վրա, եթե երկու երկրները չկարողանան դադարեցնել միգրանտների հոսքը և ֆենտանիլ թմրանյութի ներմուծումը։
Այդ ժամանակից ի վեր Կանադայի դաշնային և նահանգային կառավարությունները քայլեր են ձեռնարկել և խստացրել սահմանային հսկողությունը: Նրանք նաև հանդիպել են Թրամփի վարչակազմի պոտենցիալ առանցքային պաշտոնյաների հետ: Սակայն Թրամփը դեռ չի նշել՝ արդյոք կփոխի իր դիրքորոշումը մաքսատուրքերի վերաբերյալ, թե ոչ։





























