Իսրայելի արտաքին գործերի նախարար Գեդեոն Սաարը «շնորհավորել է» Լիբանանին Ժոզեֆ Աունի՝ նախագահ ընտրվելու կապակցությամբ՝ քաղաքական ճգնաժամի պայմաններում ավելի քան երկու տարի այդ պաշտոնի թափուր լինելուց հետո։
Սոցիալական հարթակում կատարած գրառման մեջ Սաարը հույս է հայտնել, որ «ընտրությունները կնպաստեն կայունության ամրապնդմանը, Լիբանանի և նրա ժողովրդի համար ավելի լավ ապագային և բարիդրացիությանը»:
«Աունի ընտրությունը թելադրված էր Միացյալ Նահանգների, Սաուդյան Արաբիայի և Ֆրանսիայի կողմից և դիտվում է որպես հարավային Լիբանանից Իսրայելի պաշտպանության բանակի զորքերի ամբողջական դուրսբերման նախապայման», - պնդում են իսրայելական լրատվամիջոցները։
Ավելի վաղ Լիբանանի խորհրդարանը երկրի նախագահ է ընտրել զինված ուժերի հրամանատար գեներալ Ժոզեֆ Աունին։





























