ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի թիմը վերանայում է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի սկսած պատերազմին վերջ տալու իր մոտեցումը։ Այս մասին հայտնում է բրիտանական Financial Times թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Հրատարակությունը զրուցել է անանուն եվրոպացի պաշտոնյաների հետ, ովքեր վերջին շաբաթներին Թրամփի թիմի հետ քննարկում էին պատերազմի հնարավոր ավարտը: Նրանց խոսքով՝ բանակցությունների ընթացքում պարզ է դարձել, որ ԱՄՆ-ի ընտրված նախագահի դաշնակիցները դեռ չեն որոշել՝ ինչպես կարգավորել այս հակամարտությունը։

«Թրամփի ողջ թիմը տարված է ուժով և ուժեղ տեսք ունենալով, ուստի նրանք վերանայում են Ուկրաինայի նկատմամբ իրենց մոտեցումները»,- ասել է FT-ի աղբյուրներից մեկը։ Թրամփի գալիք վարչակազմը մտավախություն ունի, որ Ուկրաինայի վերաբերյալ իրենց որոշումները կարող են համեմատվել ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենի օրոք Աֆղանստանից ամերիկյան զորքերի «աղետալի» դուրսբերման հետ՝ փոխանցում է DW-ն։

Դոնալդ Թրամփը և նրա համախոհները վերջին օրերին քննարկել են, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը կհաջողվի ավարտել ԱՄՆ նորընտիր նախագահի երդմնակալությունից հետո մի քանի ամսվա ընթացքում։ Նախընտրական քարոզարշավի ժամանակ Թրամփը խոստացել էր հակամարտությունը դադարեցնել «24 ժամվա ընթացքում»։

Թրամփն այժմ ենթադրում է է, որ առաջիկա կես տարում բանակցություններ կվարի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Իր հերթին, Ուկրաինայի և Ռուսաստանի գծով հատուկ բանագնացի պաշտոնում նորընտիր նախագահի կողմից առաջադրված Քիթ Քելլոգն ասել է, որ Թրամփը կկարողանա «ընդունելի լուծում» առաջարկել՝ «մոտ ապագայում» պատերազմը դադարեցնելու համար։ Ըստ Քելլոգի՝ կարող է սահմանվել 100-օրյա ժամկետ։