Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և երկրի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը դեմ են արտահայտվել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության ծախսերը ՀՆԱ-ի 5 տոկոսին հասցնելու պահանջին։ Focus Online վիդեոպոդքաստին տված հարցազրույցում Շոլցն ասել է, որ Գերմանիայի համար դա կնշանակի տարեկան մոտ 200 միլիարդ եվրո՝ մոտ 490 միլիարդ բյուջեի պարագայում:

«Սա հսկայական գումար է»,- ընդգծել է կանցլերը։ Միաժամանակ նա նշել է, որ «ՆԱՏՕ-ն ունի շատ հստակ ընթացակարգ», համաձայն որի՝ դաշինքի անդամները պետք է իրենց ՀՆԱ-ի 2%-ը հատկացնեն պաշտպանությանը։ Շոլցը նշել է, որ իմաստ ունի պահպանել այս հաստատված նորմը՝ փոխանցում է DW-ն։

Իր հերթին, Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը, Ռամշտեյնում Ուկրաինայի հարցով կոնտակտային խմբի հանդիպման շրջանակում, Թրամփի պահանջները չափազանց բարձր է անվանել։ Գերմանիայի համար ՀՆԱ-ի 5 տոկոսը կնշանակի ամբողջ դաշնային բյուջեի մոտ 40 տոկոսը՝ բացատրել է Պիստորիուսը: «Ես չգիտեմ, թե որ երկիրն իրեն կարող է դա թույլ տալ»,- հավելել է նա։

Ըստ Պիստորիուսի՝ խոսքը «ոչ թե տոկոսների մասին է», այլ այն մասին, թե ինչպես են «սահմանվում և իրականացվում» ՆԱՏՕ-ի խնդիրները:

Ավելի վաղ Դոնալդ Թրամփը կոչ էր արել ՆԱՏՕ-ի դաշնակիցներին ավելացնել պաշտպանության ծախսերը ՀՆԱ-ի երկու տոկոսից մինչև հինգ տոկոս և եվրոպական երկրներից պահանջել էր ստանձնել Ուկրաինային աջակցության հիմնական մասը: