ԱՄՆ-ը նոր կոշտ պատժամիջոցներ է սահմանում ռուսական նավթագազային արդյունաբերության և էներգետիկայի դեմ՝ գրում է Ամերիկայի ձայնը։
Պատժամիջոցների ցանկում ներառված են մոտ 180 նավ, տասնյակ առևտրականներ, երկու խոշոր նավթային ընկերություններ, Ռոսատոմը և ռուսական նավթարդյունաբերության մի շարք առաջատար ղեկավարներ։
Ֆինանսների նախարարությունը որոշում է ընդունել, որով արգելում է որոշակի ծառայությունների մատուցումը Ռուսաստանի Դաշնությունում գտնվող անձանց՝ դրանով իսկ դադարեցնելով Ռուսաստանի հասանելիությունը հում նավթի և այլ նավթամթերքների արդյունահանման և արտադրության հետ կապված ԱՄՆ ծառայություններին:
Ֆինանսների նախարարության պատժամիջոցների ցանկը ներառում է 150 ֆիզիկական անձ և կազմակերպություն․ 183 նավ դասակարգվել են որպես արգելափակված գույք։ Ընդգծվում է, որ պատժամիջոցներն ուղղված են Ռուսաստանի հիմնական եկամտի աղբյուրին՝ նավթին։
«Միացյալ Թագավորությունն այսօր միանում է մեզ»,- ասվում է Բլինկենի հայտարարության մեջ:
Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցները կհանգեցնեն ռուսական նավթի արտահանման լուրջ խափանումների՝ նրա հիմնական գնորդներին՝ Հնդկաստանին և Չինաստանին․ այս մասին հայտնել են Ռուսաստանում նավթի առևտրի ոլորտի չորս աղբյուրներ և հնդկական նավթարդյունաբերության երեք աղբյուրներ:
Փաստաթղթի համաձայն՝ ֆինանսների նախարարությունը կթույլատրի անցումային շրջան մինչև մարտի 12-ը։
Ավելի վաղ հնդկական նավթավերամշակման արդյունաբերության երեք աղբյուրներ նախազգուշացրել էին ռուսական նավթի մատակարարումների հնարավոր լուրջ խափանումների մասին՝ Վաշինգտոնի՝ նոր պատժամիջոցներ սահմանելու դեպքում:




























