Աշխարհագրական օբյեկտների վերանվանումը որեւէ առանձին պետության իրավասությունը չէ, կա կոնֆերանսների անցկացման, անվանումների ստանդարտացման պրակտիկա։ Այս մասին լրագրողների համար ճեպազրույցում ասել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի մշտական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հաքը՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Մեքսիկական ծոցը վերանվանելու կարգադրությանը համաշխարհային կազմակերպության արձագանքի մասին։
«Ես ոչ մի արձագանք չունեմ այս հաշվով»,- ասել է նա։ «Կարծում եմ, որ [աշխարհագրական օբյեկտների] անվանումների կոնվենցիաների պրակտիկան հաստատված է, եւ այս հարցը որեւէ առանձին պետության իրավասությունը չէ»:
Համաշխարհային կազմակերպությունն ունի աշխարհագրական անվանումների փորձագետների ծրագիր։ ՄԱԿ հիմնադրումից ի վեր անցկացվել է աշխարհագրական անվանումների ստանդարտացման ութ կոնֆերանս, որոնցից վերջինը տեղի է ունեցել Բեռլինում 2002թ։
Երկուշաբթի Սպիտակ տան կայքում հրապարակվել էր Մեքսիկական ծոցը Ամերիկյան ծոց վերանվանելու Թրամփի հրամանագիրը։





























