Ղազախստանի խռովությունների զոհերի թիվը հասել է 15-ի: Այսպիսի տվյալներ է ներկայացրել հանրապետության դատախազությունը: Վերջին տվյալներով` Ժանաոզենում 14 մարդ է զոհվել, նրանցից 11-ի ինքնությունը պարզված է: Մեկ մարդ զոհվել է Շետպեի անկարգությունների ընթացքում: Այս մասին տեղեկացնում է Lenta.ru-ն:
Հիշեցնենք, Ժանաոզենում դեկտեմբերի 16-ին` անկախության օրվա տոնակատարությունների ընթացքում, զանգվածային անկարգություններ են տեղի ունեցել: Խռովարարների եւ ոստիկանության բախման արդյունքում, զոհվածներից բացի, տասնյակ քաղաքացիներ են տուժել եւ մի քանի ոստիկաններ: Այրվել է 46 շինություն, այդ թվում` տեղական կառավարման եւ նավթային «Օզենմունայգազ» ընկերության գրասենյակը, ինչպես նաեւ մի քանի ավտոմեքենաներ: Դեկտեմբերի 17-ի գիշերը ոստիկանությունը ձերբակալել է 70 կասկածյալների: Դեկտեմբերի 18-ին ոստիկանությունը եւս 60 ձերբակալվածների մասին է հաղորդել, որոնց մեծամասնությունը կասկածվում է գողության մեջ:
Ղազախստանի նախագահի հրամանագրով` Ժանաոզենում արտակարգ դրություն է հայտարարվել, որը կշարունակվի մինչեւ 2012թ. հունվարի 5-ը:
Դեկտեմբերի 17-ին խռովություններ են տեղի ունեցել Շետպե քաղաքում: Ոստիկանությունը ցուցարարների նկատմամբ զենք է կիրառել, ինչի արդյունքում մեկ մարդ զոհվել է, 12-ը վնասվածքներ են ստացել:




























