WikiLeaks-ին գաղտնի տեղեկատվություն տրամադրելու մեջ մեղադրվող շարքային Բրեդլի Մենինգի գործով գլխավոր վկա, առաջին կարգի սերժանտ Փոլ Ադքինսին ազատել են դատարանում ցուցմունք տալու պարտավորությունից:Սերժանտն ինքն է միջնորդել որ ցուցմունք չտա դատարանում` վկայակոչելով իր դեմ ցուցմունք չտալու իրավունքը:

Ադքինսը պատասխանատու է եղել ռազմական օբյեկտի անվտանգության համար, որտեղ ծառայել է Մենինգը եւ նրա պաշտպանների կարծիքով, նա կարող է պատասխանատու լինել միայն այն բանի համար, որ չի նկատել Մենինգի էմոցիոնալ վիճակը եւ չի հեռացրել նրան գաղտնի փաստաթղթերի հետ աշխատելուց, գրում է Lenta.ru-ն:

Մենինգի փաստաբան Դեւիդ Կումբսը դեմ է արտահայտվել Ադքինսին ցուցմունք տալուց ազատելու որոշմանը, նշելով, որ սերժանտը կասկածյալ չէ, սակայն դատարանը այդ հիմնավորումը չի ընդունել:

Երկրորդ վկան` ռազմական վերլուծաբան, առաջին կարգի ենթասպա Քայլ Բալոնեկը նույնպես ազատվել է ցուցմունք տալու պարտականությունից, ով նույնպես հայտարարել է, որ չի ուզում իր դեմ ցուցմունք տալ:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 16-ին սկսվել են Մենինգի գործով դատալսումները: 23-ամյա Մենինգին կասկածում են գաղտնի տեղեկությունները հավաքելու եւ WikiLeaks կայքին փոխանցելու մեջ: Նա կալանավորվել է Իրաքում ծառայության ժամանակ, 2010-ի մայիսին: