Ֆրանսիայի փոքրամասնության կառավարությունը կանգնած է հաջորդ շաբաթ անվստահության քվե ստանալու հեռանկարի առաջ այն բանից հետո, երբ վարչապետ Ֆրանսուա Բայրուն պնդեց, որ կօգտվի հատուկ լիազորություններից իր բյուջեն առանց խորհրդարանի քվեարկության անցկացնելու համար, հաղորդում է France 24-ը:
«Մեր նման երկիրը չի կարող մնալ առանց բյուջեի»,- ասել է Բայրուն La Tribune Dimanche կիրակնօրյա թերթին՝ հաստատելով, որ կօգտվի Ֆրանսիայի սահմանադրության 49.3-րդ հոդվածից՝ խորհրդարանը շրջանցելու համար:
Վարչապետը զգուշացրել է ընդդիմադիր կուսակցություններին, որ իր կառավարությունը տապալելու փորձը վնաս կհասցնի տնտեսությանը։
2025 թվականի բյուջեն հաստատելու Ֆրանսիայի անկարողությունը վախեցրել է ներդրողներին և խարխլել բիզնեսի և տնային տնտեսությունների վստահությունը:
Կառավարությունը ստիպված է եղել միլիարդավոր եվրոյի զիջումներ կատարել, որպեսզի մշակի օրինագիծը, որն ընդունվելու հավանականություն կունենա: Այն չընդունելը, հավանաբար, կհանգեցնի Բայրուի վարչապետության ժամկետի կրճատման:
Նրա փոքրամասնության կառավարությունն աջակցություն ստացավ ուրբաթ օրը, երբ ֆրանսիացի օրենսդիրների խումբը համաձայնեցրեց բյուջեի առաջարկի վերջնական տեքստը՝ օրինագիծն ուղարկելով ստորին պալատ՝ հաջորդ շաբաթ քննարկելու համար: Հանդիպումից հետո ընդդիմադիր սոցիալիստները կառուցողական դիրք ընդունեցին՝ հայտարարելով, որ ոգևորված չեն տեքստով, բայց ուրախ են, որ ստացել են զիջումներ՝ ուղղված սովորական մարդկանց կյանքը բարելավելուն:
La France insoumise («Չնվաճված ֆրանսիա») ծայրահեղ ձախ կուսակցությունը նախազգուշացրել է, որ անվստահության քվե կհայտարարի, եթե բյուջեն ընդունելու համար կառավարությունն օգտվի Սահմանադրության 49.3-րդ հոդվածից, ինչը, հավանաբար, կպաշտպանեն իր կոմունիստ և կանաչ դաշնակիցները: Սակայն Բայրուի կառավարությունը տապալելու համար նրանց անհրաժեշտ կլինի սոցիալիստների և ծայրահեղ աջ «Ազգային միավորման» աջակցությունը:
«Ազգային միավորման» պատգամավոր Ժան Ֆիլիպ Տանգին դժգոհություն է հայտնել ուրբաթ օրը համաձայնեցված օրինագծից։ Նա չի ասել՝ արդյո՞ք, իր կուսակցությունը հաջորդ շաբաթ կաջակցի հավանական անվստահության քվեին, բայց խոստովանել է, որ Ֆրանսիան շտապ պետք է վերջնական տեսքի բերի իր բյուջեն:
Այս շաբաթվա սկզբին հրապարակված պաշտոնական տվյալների համաձայն, Ֆրանսիայի տնտեսությունն աճել է 1,1 տոկոսով 2024 թվականին, սակայն չորրորդ եռամսյակում կրճատվել է երկիրն ընդգրկած քաղաքական ճգնաժամի պատճառով, որը թուլացրել է Փարիզի Օլիմպիական խաղերի դրական տպավորությունը:





























