Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չորեքշաբթի Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում կհանդիպի իր գերմանացի գործընկեր Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ, հայտնում է թուրքական Anadolu գործակալությունը։

Կողմերը քննարկումներում կկենտրոնանան պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցության վրա, իսկ թուրք-գերմանական հարաբերությունները կքննարկվեն բոլոր տեսանկյուններով, հայտնել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության բաժնի ղեկավար Ֆահրեթին Ալթունը։

Բանակցությունների օրակարգ է մտցվել նաև Գերմանիայում թուրքական համայնքի վիճակը, հավելել է Ալթունը։ 

Ըստ նրա՝ ակնկալվում է, որ բանակցությունների ընթացքում մտքերի փոխանակում կլինի Թուրքիայի և ԵՄ-ի հարաբերությունների, ինչպես նաև տարածաշրջանային ընթացիկ հարցերի շուրջ։

«Կարծում ենք՝ այս այցի միջոցով Թուրքիայի և Գերմանիայի միջև երկարաժամկետ և խոր արմատացած երկկողմ հարաբերություններն էլ ավելի կամրապնդվեն»,- նշել է Ալթունը։