Ռուսաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը այսօր` դեկտեմբերի 20-ին, վարչապետ Վլադիմիր Պուտինին գրանցել է որպես նախագահի թեկնածու:
Պուտինը ՌԴ ԿԸՀ-ում պաշտոնապես գրանցված նախագահի առաջին թեկնածուն է:
Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, առաջադրման եւ փաստաթղթերը ԿԸՀ ներկայացնելու ընթացակարգն անցել են նաեւ «Սպրավեդլիվայա Ռոսիա» կուսակցության առաջնորդ Սերգեյ Միրոնովը, ՌԼԴԿ առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին, ՌԴԿԿ առաջնորդ Գենադի Զյուգանովը եւ Գրիգորի Յավլինսկին:
Կուսակցական առաջնորդներից բացի, նախագահական ընտրություններին մտադիր են մասնակցել նաեւ ինքնառաջադրված թեկնածուները:
Դեկտեմբերի 18-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընտրողների 5 խմբի է գրանցել, որոնք ստեղծվել են գործարար Միխայիլ Պրոխորովին, Վլադիվոստոկի նախկին քաղաքապետ Վիկտոր Չերեպկովին, իրկուտսկյան նահանգապետ Դմիտրի Մեզենցեւին, օրենբուրգցի հասարակական գործիչ Ռինատ Խամիեւին եւ չգրանցված «Վոլյա» կուսակցության ղեկավար Սվետլանա Պեունովային աջակցելու նպատակով: «Դրուգայա Ռոսիա» կուսակցության ղեկավար Էդուարդ Լիմոնովին մերժել են` պահանջվող փաստաթղթերից մեկի բացակայության պատճառով: Լիմոնովի կողմնակիցների կարծիքով` դա քաղաքական որոշում է:




























