Իրանի դեմ ռազմական գործողությունների սցենարը շատ կանխատեսելի է առաջիկա չորս տարիների ընթացքում, բայց շատ ավելի կանխատեսելի է 2025-ի երկրորդ կեսից մինչև 2027-ի առաջին կեսը ընկած ժամանակահատվածում, երբ ԱՄՆ նախագահը հնարավորինս պակաս ներգրավվածություն է ունենալու այլ խնդիրների կամ մարտահրավերում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը:
«Այդ դեպքում Իրսայելը ավելի ազատ է լինելու գործել ԱՄՆ-ի համար խնդրահարույց իրավիճակներում։ Այս համատեքստում առաջինը բնականաբար Իրանի միջուկային օբյեկտների թիրախավորումն է, որը այս պահին ամենականխատեսվող սցենարն է, հաշվի առնելով այն հանգամանքը, որ տեղեկատվական շատ ակտիվ հոսքեր են գնում իսրայելական մամուլում, որ այս դիմադրության առանցքի ջախջախումից հետո Իրանի ձեռքին մնում է մեկ կարևոր զենք, իր տարածաշրջանային դիրքերը պահպանելու և իր անվտանգությունը երաշխավորելու համար. դա միջուկային զենքն է։ Զուգահեռաբար նշվում է, որ Իրանն արդեն ստեղծել է միջուկային զենք։ Բնականաբար, պետք է փորձ արվի այդ կարճաժամկետ և օրհասական մարդահրավերը թոթափելու»,-ասաց նա:
Արմեն Պետրոսյանի խոսքով, որոշակի առումով մկատվում է եվրոպական երկրների և Իրանի միջև բանակցային գործընթացի ակտիվացում, բայց Դա չի կարող նշանակել, որ հիմքեր կան միջուկային գործարքի վերադառնալու համար. «Հնարավոր է մեկ այլ, նոր գործարք Իրանի հետ, որի վրա պնդում էին նաև Իսրայելը և Դոնալդ Թրամփը դեռևս 2010-ականների վերջին: Խոսքը մի գործարքի մասին է, որը սահմանափակելու է ոչ միայն Իրանի միջուկային հնարավորությունները, այլև հրթիռաշինությունը: Սա քաղաքական հնարավոր տարբերակն է, բայց շատ ավելի հնարավոր սցենարն այն է, որ Իսրայելը փորձելու է այս չորս տարիներ օգտագործել ռազմական սցենարով Իրանից բխող մարտահրավերներն ամբողջովին չեզոքացնել»,-ասաց փորձագետը:





























