2011-ին խորհրդարանական ընդդիմությունը ցույց տվեց, որ ակտիվ պայքարող ընդդիմադիր ուժ է։ Այս մասին, այսօր` դեկտեմբերի 20-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը, մասնավորապես հիշատակելով Ընտրական օրենսգրքի բարեփոխումների համար տարվող պայքարը։

«Ցավոք մենք աջակցություն չստացանք արտախորհրդարանական ընդդիմության կողմից, որի պարագայում ավելի կհաջողեինք։ Չէի ցանկանա վատ բաներ ասել ՀԱԿ-ի հասցեին, բայց 2011-ին չեմ տեսել կառուցողական քայլեր»,- ասաց դաշնակցական պատգամավորը:

Այնուհետեւ անդրադառնալով առաջիկա խորհրդարանական ընտրություններին, Ա. Մինասյանը նշեց. «Եթե իշխանությունն ունի կամք ընտրությունների արդար անցկացման համար, թող հայտարարի, որ բոլոր տեղամասերում տեսագրություններ են արվելու։

Իր հերթին ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանն ասաց. «Մենք անընդհատ խոսում ենք ընտրությունների մասին, օրական առնվազն երկու հոգի ՀՀԿ-ից հայտարարություն է անում», ինչին Արծվիկ Մինասյանը արձագանքեց. «Խոսելը քիչ է»:

«Բա ո՞նց անենք», հարցին էլ պատասխանեց. «Ընդամենը մի քաղաքականացրեք դպրոցները, քաղաքական բարեգործություն մի արեք»: