Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը խստորեն քննադատել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային` վենեսուելական El Universal թերթին տված հարցազրույցի բովանդակության համար, որը տպագրվել է դեկտեմբերի 19-ին եւ նվիրված է եղել վենեսուելական թեմային:

«Պարոն Օբաման կրկին գրոհում է, ավելի լավ կլիներ, եթե նա իրեն նվիրեր իր երկրին եւ իր խնդիրներով զբաղվեր», - Վենեսուելայի կառավարության նիստում հայտարարել է Չավեսը, որը հեռարձակվել է Venezolana de Television հեռուստաալիքով, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Իր հարցազրույցում Օբաման քննադատության է ենթարկել Իրանի եւ Կուբայի հետ Վենեսուելայի հարաբերությունների ամրապնդման փաստը, մամուլի ազատության վիճակը եւ Վենեսուելայում իշխանությունը կիսելու մոտեցումը:

Չավեսի կարծիքով` Օբամայի բոլոր հայտարարությունները սոսկ քվեներ հավաքելու պայքար են: «Այդքան անպատասխանատու մի' եղիր,  Օբամա: Կեղծավոր ես դու, ուղղակի կեղծավոր» - հայտարարել է վենեսուելական առաջնորդը` դիմելով ԱՄՆ նախագահին:

Չավեսը Օբամային անվանել է «մեծ անհաջողություն» ԱՄՆ-ում բնակվող աֆրիկացիների, խեղճ ամերիկացիների, ինչպես նաեւ այն աֆրիկական երկրների համար, որոնք հավատում էին նրան. «Քո փոխարեն  (Օբամայի)  նրաք բոլորն ամաչում են, մի խոսքով` հանգիստ թող մեզ, քո ձայները փնտրիր ԱՄՆ-ում: Դա այն է, ինչ դու պետք է անես», - ասել է Վենեսուելայի նախագահը:

1999թ. իշխանության գալուց հետո Չավեսը մշտապես ԱՄՆ-ին մեղադրում է  Վենեսուելայի  ներքին կյանքին միջամտելու փորձերի, ինչպես նաեւ ընդդիմությանն աջակցելու համար: Վերջերս նա ԱՄՆ-ին եւ Իսրայելին մեղադրել է նաեւ միջուկային պատերազմ հրահրելու մեջ: