Այս տարի 13 332-ով ավելացել է «շտապօգնության» կանչերի քանակը նախորդ տարվա համեմատ. կանչերի մեծ մասը բաժին է ընկնում սրտանոթային համակարգի, տրավմաների, վիրուսային հիվանդությունների բողոքներին: Այդ մասին այսօր` դեկտեմբերի 20-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Շտապ բուժօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանը` հավելելով, որ բժիշկների աշխատավարձը գոյանում է կանչերի քանակից:

Նրա խոսքով, որ կանչին հասնելու ժամանակահատվածը հստակ է` 7-ից 12 րոպե, եւ ընդունված է, որ բժիշկը 20 րոպեից ավել չպետք է մնա հիվանդի մոտ. «Չեմ կարող ասել, թե ամեն ինչ կատարյալ է մեր աշխատանքում,  գոյություն ունի պիկ ժամի հասկացություն, երբ կարող է 30 րոպեում այնքան կանչ ընդունել, որ չհասցնենք անհրաժեշտ օպերատիվությամբ հասնենք օգնության: Շապբուժօգնությունը պետք է հիվանդին հասնի միայն անհետաձգելի պայմաններում, շատ հաճախ դիմում են գլխացավի, ճնշման, 37 աստիճան ջերմության դեպքում, քանի որ չեն ուզում դիմել ընտանեկան բժիշկներին»,- խոսելով ձեռքբերումների մասին, նա նշեց, որ համակարգին տրամադրվել է 88 մեքենա , որից 35-ը մայրաքաղաքին, մնացածը` մարզերին. «Այս տարի արդիականացրել ենք  մեր ոլորտի ծրագրերը, նոր մեքենաներ եւ նոր ժամանակակից սարքավորումներ ենք ստացել, վերապատրաստումներ են անցել թե՛ վարորդները, թե՛ բժիշկները, արդիականացվել է երթակարգավարական համակարգը, բարձրացվել է աշխատողների աշխատավարձը մոտ 100 տոկոսով»:

Նրա խոսքով` Ավանում եւ Նուբարաշենում շտապ բուժօգնության նոր հենակետեր են բացվել, որոնք կօգնեն ավելի արդյունավետ կազմակերպել աշխատանքն ու արագ արձագանքնել կանչերին: Ի դեպ, ոլորտի բարեփոխումներ կատարվել են ոչ միայն Երեւանում, այլ մարզերում, նաեւ աշխատանքներ են տարվում հասցեների ճշգրտման ուղղությամբ, որպեսզի նվազագույնի հասնեն հասցեների պատճառով ուշացումները: