Վրացական ընդդիմադիր «Մաեստրո» հեռուստաալիքի դեմ 7,3 միլիոն դոլարի դատական հայց է ներկայացվել:  Հայցորդը Էրոսի Կիցմարիշվիլիի ընկերությունն է, որը ղեկավարում է տվյալ հեռուստաալիքը: 

Ղեկավարող ընկերությունը պահանջում է փոխհատուցել 6,3 միլիոն դոլարի  նյութական վնասը, վարկաբեկման համար էլ եւս 1 մլն դոլար վճարել:

Ավելի վաղ Կիցմարիշվիլին հայտարարել էր, որ ցանկանում է հետ վերցնել «Մաեստրո»-ում կատարած ներդրումները, հաղորդում է «Գռուզիա Online»-ը:

Կիցմարիշվիլիի եւ  «Մաեստրո»  հեռուստաալիքի սեփականատերերի միջեւ հակամարտությունն սկսվել է նոյեմբերի վերջին: Բաժնետերերը հայտարարել էին ղեկավարող ընկերության հետ պայմանագիրը լուծելու ցանկության մասին, սակայն Կիցմարիշվիլին հրաժարվել էր կատարել այդ որոշումը: Նա իր հերթին հայտարարել էր «Մաեստրո»-ի գլխավոր պրոդյուսեր Մամուկ Գլոնտիի եւ Բաչո Կիկաբիձեի աշխատանքից ազատման մասին, որոնք եւս հեռուստաալիքում բաժնեմաս ունեին:

Բաժնետերերը Կիցմարիշվիլիին մեղադրել են խմբագրական քաղաքականությանը միջամտելու մեջ, իսկ նա  «Մաեստրո»-ի սեփականատերերին մեղադրել է Բիձինա Իվանաշվիլիի հետ գաղտնի բանակցություններ վարելու մեջ, որը հեռուստաալիքի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերել:

Դրանից հետո «Մաեստրո»-ի սեփականատերերը աշխատակիցների հետ հեռացել են հեռուստաալիքի շենքից` տանելով  սարքավորումների մի մասը, եւ եթերը վերականգնել են «Մաեստրո» ռադիոկայանի ստուդիայից: Արբանյակային հեռարձակման սարքավորումները մնացել են Կիցմարիշվիլիի մոտ, որը կալանքի տակ է դրել բաժնետոմսերի 100%-ը: