Բրազիլիայի Կամպինաս քաղաքի խորհրդարանի եւ տարածաշրջանային «Տրիանոն» ռազմաքաղաքացիական ակումբի նախաձեռնությամբ, դեկտեմբերի 16-18-ին, տեղի են ունեցել Հայաստանին նվիրված օրեր:
ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ միջոցառման բացմանը ներկայացված էին քաղաքի 40 նկարիչների՝ Հայաստանին նվիրված շուրջ 70 կտավներ ու քանդակներ, ինչպես նաեւ հայկական գորգեր եւ գեղարվեստական իրեր: Արարողությանը ներկա էին քաղաքային խորհրդարանի եւ քաղաքապետարանի ներկայացուցիչներ, բրազիլահայ համայնքի ղեկավարներ, Բրազիլիայում ՀՀ դեսպան Աշոտ Եղիազարյան, Սան Պաուլոյում ՀՀ պատվո հյուպատոս Հիլդա Բուրմայանը եւ հրավիրյալներ: Հանդես եկան Ակումբի տնօրեն Ֆաբիո Ֆեռեյրան, Հայ դատի հանձնախմբի ղեկավար Սիմոն Խրիմյանը, քաղաքային խորհրդարանի պատգամավոր Հեկտոր Կոելյոն եւ դեսպան Աշոտ Եղիազարյանը:
Իր խոսքում Կոելյոն նշել է, թե «Կամպինասի հասարակայնությունը հիացմունքով է վերաբերվում հինավուրց եւ իր նոր անկախության 20 տարին բոլորած հայ ժողովրդին, որը մեզ սովորեցնում է, թե ինչպես պետք է հարգել ու պահպանել սեփական հազարամյա պատմությունն ու մշակույթը»: Նա հայտարարել է, որ օրերս Կամպինասի խորհրդարանը միաձայն որոշում է ընդունել ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ինչը քաղաքապետի հաստատումից հետո կստանա օրենքի ուժ:
Դեսպան Եղիազարյանը բարձր է գնահատել քաղաքապետարանի որոշումը Ցեղասպանության ճանաչման վերաբերյալ, Հայաստանի օրերի իրականացումը բնորոշեց «որպես երկու երկրների միջեւ բարեկամության հրաշալի դրսեւորում» եւ հայտնեց, թե «աշխատանքներ կտարվեն Կամպինասը Հայաստանի որեւէ քաղաքի հետ քույր քաղաքներ հռչակելու ուղղությամբ»:
Տեղի է ունեցել համերգ Կամպինաս քաղաքի եւ Սան Պաուլոյի հայկական համայնքի գեղարվեստական համույթների մասնակցությամբ:
Միջոցառման ծրագիրը, որն իր մեջ ընդգրկում է դասախոսություններ, համերգային եւ թատերական ներկայացումներ, կինո եւ ֆոտոցուցադրումներ, կներկայացվի Կամպինասի շրջակա մի քանի քաղաքներում:




























