Կանադական պողպատի եւ ալյումինի վրա ԱՄՆ մաքսատուրքերը կարող են լինել ոչ թե 25, այլ 50 տոկոս: Այս մասին երեքշաբթի հայտնել է Canadian Press գործակալությունը՝ հղում կատարելով Սպիտակ տան վարչակազմի պաշտոնյային։

Նա նշել է, որ Կանադայից ներկրվող մետաղների մաքսատուրքերը, եթե դրանք ուժի մեջ մտնեն, կավելացվեն կանադական բոլոր ապրանքների 25 տոկոսի չափով այլ մաքսատուրքերին, որոնք ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ավելի վաղ խոստացել էր սահմանել։

Փետրվարի 1-ին Թրամփը հրամանագիր է ստորագրել Կանադայից եւ Մեքսիկայից ներկրվող ապրանքների համար 25 տոկոս մաքսատուրքեր սահմանելու մասին։ Սակայն փետրվարի 4-ին Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն Թրամփի հետ զրույցից հետո ասել է, որ Օտտավայի համար այդ ժամկետը հետաձգվել է 30 օրով Կանադա-ԱՄՆ սահմանին անօրինական միգրացիայի եւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված իրավիճակը շտկելու համար։

Փետրվարի 10-ին Թրամփը կարգադրել է մարտի 12-ին 25 տոկոս մաքսատուրքեր սահմանել պողպատի եւ ալյումինի ներկրումների համար։ Որոշումը վերաբերում է նաեւ Կանադայից մատակարարվող ապրանքներին: Թրյուդոն սպառնացել է անհրաժեշտության դեպքում կոշտ եւ միանշանակ պատասխան տալ ԱՄՆ նման քայլերին։