Ռուս ընդդիմադիրներ Ալեքսեյ Նավալնին եւ Իլյա Յաշինը կրկին ազատության մեջ են` Մոսկվայի հանրահավաքի ընթացքում ոստիկանությանը չհնազանդվելու համար 15-օրյա կալանքից հետո:
Նավալնիի ազատման մասին հայտարարել է նրա փաստաբան Վադիմ Կոբզեւը: Ընդդիմադրին դիմավորել են տասնյակ լրագրողներ եւ համախոհներ: Յաշինին դիմավորել են բլոգերներ, լրագրողներ, ինչպես նաեւ Բորիս Նեմցովը:
«Այս 15 օրերի ընթացքում ես հետեւել եմ Մոսկվայում տեղի ունեցող իրադարձություններին: Մենք տեսել ենք Բոլոտնայայում արված լուսանկարները, եւ մեզ համար շատ հաճելի էր: Կալանքի պայմանները տիպիկ էին նման տեղի համար»,- պատմել է Յաշինը լրագրողներին, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Հիշեցնենք, խորհրդարանական ընտրությունների հաջորդ օրը Մոսկվայի «Չիստիե պռուդի» զբոսայգում ընտրախախտումներից դժգոհ քաղաքացիների բողոքի զանգվածային ցույց է տեղի ունեցել: Հանրահավաքի ավարտին հավաքվածների մի մասը չարտոնված երթ է կազմակերպել դեպի Լյուբյանկա:
Ոստիկանությունը ձերբակալել է 300 մարդու, նրանց թվում են եղել նաեւ Իլյա Յաշինը եւ Ալեքսեյ Նավալնին, որն էլ հենց, ականատեսների վկայությամբ, մարդկանց կանչել է Լյուբյանկա: Հաջորդ օրը դատարանը երկու ընդդիմադիրներին էլ 15-օրյա կալանքի է դատապարտել` ոստիկանության աշխատակիցներին դիմադրություն ցույց տալու համար: Դատարանի որոշումը բաղաքի նոր ալիք է բարձրացրել, եւ վերջնարդյունքը եղել է ընդդիմության միասնական հանրահավաքը Բոլոտնայա հրապարակում, որը տեղի է ունեցել դեկտեմբերի 10-ին եւ որին մասնակցել են տասնյակ հազարավոր մարդիկ:




























