Ֆրանսիայից ավիատոմսերի գները կբարձրանան հաջորդ ամիս, երբ կառավարությունն ավելի քան երկու անգամ կբարձրացնի տոմսերի «համերաշխության հարկը», գրել է The Guardian-ը։

Ֆրանսիայի կառավարությունը հայտնել է, որ բարձրացումն արդարացի է բնապահպանական եւ ֆինանսական նկատառումներով, սակայն քննադատներն ասում են, որ դա կվնասի համաշխարհային շուկայում մրցակցելու Ֆրանսիայի կարողությանը:

Ակնկալվում է, որ ավիաընկերությունները կփոխանցեն ուղեւորներին հարկերի բարձրացման ծախսերը, սակայն Air France-ը գնահատել է, որ դա ընկերությանը կարժենա մոտ 100 մլն եվրո, քանի որ ավիաընկերությունը վերականգնվում է Covid-ի վնասներից:

Իր հերթի,ն Ryanair-ը սպառնացել է կրճատել թռիչքների թիվը երկրի օդանավակայաններ։

Այս միջոցը 2025թ. բյուջեի օրինագծի մի մասն է, որի նպատակն է նվազեցնել Ֆրանսիայի աճող դեֆիցիտը, որը վարչապետ Ֆրանսուա Բայրուն անցկացրել է խորհրդարանում առանց քվեարկության:

Ֆրանսիայի կամ Եվրոպայի տարածքում կարճ հեռավորությունների էկոնոմ դասի թռիչքների հարկը կավելանա 2,63 եվրոյից մինչեւ 7,40 եվրո՝ Ֆրանսիայից մեկնող թռիչքների համար։

Միջին հեռավորություններում էկոնոմ դասի թռիչքի համար վճարը կբարձրանա մինչեւ 15 եվրո, իսկ երկար հեռավորությունների համար՝ ավելի քան 5 500 կմ, մինչեւ 40 եվրո։ Բիզնես դասի եւ առաջին կարգի տոմսերի հարկը նույնպես ավելանում է մինչեւ 30 եվրո՝ կարճ հեռավորությունների համար, 80 եվրո՝ միջին հեռավորությունների եւ 120 եվրո՝ երկար հեռավորությունների համար։ Մասնավոր ինքնաթիռներով թռիչքների համար վճարները կբարձրանան մինչեւ 220-2 100 եվրո։

Կորսիկա եւ Ֆրանսիայի անդրծովյան տարածքներ չվերթները ազատված են հարկերի բարձրացումից։