ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը ուրբաթ Մյունխենի անվտանգության համաժողովում քննադատել է եվրոպացի առաջնորդներին՝ ասելով, որ նրանց անվտանգության ամենամեծ սպառնալիքը «ներսից» է, այլ ոչ թե Չինաստանից եւ Ռուսաստանից, տեղեկացրել է CNN հեռուստաալիքը։
Վենսն իր առաջին կարեւոր ելույթը որպես ԱՄՆ փոխնախագահ օգտագործել է եվրոպացի քաղաքական գործիչների վրա հարձակվելու համար՝ ասելով, որ նրանք ճնշում են խոսքի ազատությունը, կորցնում են ներգաղթի վերահսկողությունը եւ հրաժարվում են աշխատել կոշտ աջակողմյան կուսակցությունների հետ կառավարությունում:
Մյունխենի անվտանգության համաժողովի լսարանն ակնկալում էր լսել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի՝ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու ծրագրերի մասին, բայց դրա փոխարեն նրան հյուրասիրեցին ելույթով, որը փոքրացնում էր «Ռուսաստանի եւ Չինաստանի կողմից սպառնացող վտանգը մայրցամաքի համար», նշել է հեռուստաալիքը:
«Եվրոպայի հետ կապված՝ ինձ ամենաշատ անհանգստացնող սպառնալիքը Ռուսաստանը չէ, ոչ էլ Չինաստանը կամ մի այլ արտաքին խաղացող: Ինձ անհանգստացնում է ներսից եկող սպառնալիքը՝ Եվրոպայի նահանջը իր որոշ հիմնարար արժեքներից»,- ասել է Վենսը:
ԱՄՆ փոխնախագահն ասել է, որ «ոչ օրթոդոքս» տեսակետները «լռեցնելը» «ժողովրդավարությունը ոչնչացնելու ամենաիսկական ճանապարհն է» եւ կոչ է արել եվրոպացի առաջնորդներին, որոնք ընտրվել են իրենց ժողովրդի կողմից, «ընդունել այն, ինչ ասում է ձեր ժողովուրդը»:
«Եթե ամերիկյան ժողովրդավարությունը կարող է դիմանալ Գրետա Թունբերգի հայհոյախոսության 10 տարուն, ապա դուք կարող եք դիմանալ Իլոն Մասկի մի քանի ամիսներին», - ասել է նա:
Վենսը թվարկել է մի շարք դեպքեր, որոնք նա նկարագրել է որպես Եվրոպայի ռեպրեսիվ արձագանք քաղաքական արտահայտություններին՝ սկսած Բրիտանիայում տղամարդու ձերբակալությունից՝ աբորտների կլինիկայի մոտ աղոթելու համար մինչեւ Շվեդիայում հակաիսլամական ակտիվիստի դատապարտումը Ղուրանը հրապարակայնորեն այրելու համար:
Թեեւ շատերն ակնկալում էին, որ ԱՄՆ փոխնախագահը կկրկնի եվրոպական երկրներին Հեգսեթի ուղղած կոչերը՝ մեծացնել պաշտպանական ծախսերը որպես ամերիկյան շարունակական աջակցության նախապայման, Վենսի ուղերձն ավելի կոշտ էր. «Եթե դուք վախից փախչում եք սեփական ընտրողներից, Ամերիկան ձեզ համար ոչինչ անել չի կարող»։





























