Մոսվկայում ձերբակալվել է Ռուսաստանում Քուվեյթի դեսպանության երրորդ քարտուղարի` Ալոքաաբ Սալեհ Մուհամեդի սպանության մեջ կասկածվող անձը: Սպանությունը տեղի էր ունեցել 2011-ի ապրիլի 17-ին:

Ռուսաստանի մայրաքաղաքի իրավապահ մարմինների աղբյուրը հայտնել է, որ ձերբակալվածը քաղաքի գործազուրկ բնակիչ է:

Նախաքննության տեղեկություններով, տղամարդը թունավորել է դեսպանատան աշխատակցին` ալկոհոլային խմիչքի հետ միասին օգտագործելով ազալեպտին: Դրանից հետո նա թալանել է օտարերկրացուն եւ փախուստի դիմել:

Դիվանագետի անհետացման մասին հայտնել են նրա գործընկերները: Նրանց խոսքով, ապրիլի 17-ի գիշերը Արբատ փողոցի վրա «Փրայմ-21» ռեստորանից Մուհամեդը իր ավտոմեքենայով հեռացել է, եւ այլեւս նրան ոչ ոք չի տեսել: Երկու օր անց նրա մարմինը գտել են Նիկոլաեւսկի վրա, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: