Անհանգստանալով այն առիթով, որ ԱՄՆ անվտանգության առաջնահերթություններն այլ տեղում են, եվրոպական մի խումբ երկրներ գաղտնի աշխատում են Ուկրաինա զորքեր ուղարկելու ծրագրի ուղղությամբ՝ Ռուսաստանի հետ ցանկացած ապագա խաղաղ կարգավորման հարցում օգնելու համար, գրել է Associated Press-ը:

Ինչպես նշել է ամերիկյան լրատվական գործակալությունը, Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան այս ջանքերի առաջնագծում են, թեեւ մանրամասները մնում են սուղ։

«Քննարկումներին մասնակցող երկրները չեն ցանկանում հանձնվել եւ առավելություն տալ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, եթե նա համաձայնի բանակցել երեք տարի առաջ սկսած պատերազմի ավարտի շուրջ»,- գրել է Associated Press-ը։

Պարզ է միայն այն, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երաշխիք է պահանջում, որ իր երկրի անվտանգությունը կապահովվի այնքան ժամանակ, քանի դեռ խաղաղություն չի հաստատվել։ Լավագույն պաշտպանությունը կլիներ ՆԱՏՕ-ին անդամակցելը, ինչն Ուկրաինային վաղուց էին խոստացել, սակայն ԱՄՆ-ը օրակարգից հանել է այս տարբերակը։

«Ես չեմ խորանա կոնկրետ հնարավորությունների մեջ, բայց համաձայն եմ, որ եթե խաղաղություն լինի, ապա Ուկրաինայի համար պետք է լինեն անվտանգության որոշակի երաշխիքներ, եւ Մեծ Բրիտանիան դեր կունենա դրանում»,- հինգշաբթի զգուշորեն հայտնել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը:

Եվրոպացիներն սկսել են մոտ մեկ տարի առաջ ուսումնասիրել, թե ինչ ուժեր կարող են անհրաժեշտ լինել, սակայն հրատապության զգացումը մեծացել է մտավախությունների ֆոնին, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է շրջանցել ԵՄ-ը եւ Ուկրաինան՝ Պուտինի հետ գործարք կնքելու համար:

Դեկտեմբերին, Թրամփի ընտրվելուց հետո, բայց մինչ նրա պաշտոնավարումը, մի խումբ առաջնորդներ եւ նախարարներ հանդիպել են Զելենսկու հետ Բրյուսելում ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Մարկ Ռյութեի նստավայրում։ Նրանք Մեծ Բրիտանիայի, Դանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Նիդեռլանդների եւ Լեհաստանի ներկայացուցիչներ էին։ Ներկա էին նաեւ Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաներ։

Բանակցությունները հիմնված էին 2024թ. սկզբին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի առաջ քաշած գաղափարի վրա։ Այնուհետեւ նրա՝ Ուկրաինայի տարածք զորքերի մուտքը բացառելու մերժումը վրդովմունք առաջացրեց, մասնավորապես, Գերմանիայի եւ Լեհաստանի ղեկավարների մոտ։

Մակրոնը հայտնվել է մեկուսացման մեջ եվրոպական ասպարեզում, սակայն այդ ժամանակվանից հետո նրա ծրագիրը թափ է հավաքում:

Այնուամենայնիվ, շատ բան, թե ինչ տեսք կունենան այդ ուժերը եւ ովքեր կմասնակցեն դրանց, կախված կլինի խաղաղ կարգավորման պայմաններից եւ շատ այլ բաներից:

Իտալիան սահմանադրական սահմանափակումներ ունի իր ուժերի օգտագործման հարցում։ Նիդեռլանդներին անհրաժեշտ կլինի խորհրդարանի հաստատումը, ինչպես եւ Գերմանիան, որի դիրքորոշումը կարող է փոխվել փետրվարի 23-ին կայանալիք ընտրություններում նոր կառավարության ձեւավորումից հետո: Լեհաստանը զգույշ է` հաշվի առնելով Ուկրաինայի հետ նրա երկարատեւ թշնամությունը, որը սկիզբ է առել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ:

«Մենք գտնվում ենք շատ վաղ փուլում»,- ասել է Էստոնիայի պաշտպանության նախարար Հաննո Պեւկուրը Associated Press-ին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում:

Մինչ տարբեր քննարկումներ եւ խոսակցություններ են վարվում եւ լուրեր են պտտվում, եվրոպական դաշնակիցների համար «կարեւոր» է պլան մշակելուց առաջ հասկանալ, թե ինչպիսին է լինելու Ուկրաինայի շփման գիծը, ասել է Պեւկուրը: