ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Հարավային Կորեայի արտգործնախարարին ասել է, որ Միացյալ Նահանգները ցանկանում է կայուն, վստահելի հարաբերություններ պահպանել Հարավային Կորեայի հետ՝ անկախ երկու երկրների ներքին իրավիճակից, հայտնել է Reuters-ը՝ հղում կատարելով Հարավային Կորեայի ԱԳՆ-ին։
Ռուբիոն եւ Հարավային Կորեայի արտաքին գործերի նախարար Չո Թհե-Յուլը Գերմանիայում կայացած հանդիպման ժամանակ պայմանավորվել են սերտորեն աշխատել Հյուսիսային Կորեայի միջուկազերծման ուղղությամբ եւ կիսել են Ռուսաստանի եւ Հյուսիսային Կորեայի միջեւ ռազմական համագործակցության վերաբերյալ մտահոգությունները, նշվել է նախարարության հաղորդագրությունում։
Երկու կողմերը պայմանավորվել են համագործակցել այնպիսի ոլորտներում, ինչպիսին են էներգետիկան եւ առաջադեմ տեխնոլոգիաները, նավաշինությունը, միջուկային էներգիան եւ հեղուկացված բնական գազը, նշվել է հաղորդագրությունում։
Ի պատասխան Չոյի՝ ԱՄՆ սակագների հետ կապված հարցերը երկկողմ խորհրդակցությունների միջոցով լուծելու խնդրանքի՝ Ռուբիոն կոչ է արել խորհրդակցություններ անցկացնել համապատասխան գերատեսչությունների միջեւ, նշվել է հայտարարությունում:





























