Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` դեկտեմբերի 21-ին, ընդունել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության նորանշանակ ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեային, որի ժամանակ նշվել է Հայաստան-ԵՄ համագործակցության կարեւորությունը:
Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Սերժ Սարգսյանը նշել է, որ վերջին շրջանում այդ համագործակցությունը բավականին ակտիվացել է, ինչը դրսեւորվում է ինչպես փոխադարձ այցելություններով, այնպես էլ նոր ծրագրերի ակտիվ իրականացմամբ: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը վճռական է շարունակելու այդ բարեփոխումները:
Դեսպան Տրայան Հրիսթեան նշել է, որ Հայաստան-ԵՄ հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա եւ վստահեցրել է, որ իր պաշտոնավարման ընթացքում ձգտելու է պահպանել այդ մակարդակն ու ավելացնել ջանքերը՝ բոլոր բնագավառներում վստահության, երկխոսության, համագործակցության ամրապնդմանն աջակցելու ուղղությամբ: Նա ընդգծել է, որ ԵՄ-ն շահագրգռված է խորացնել հարաբերությունները Հայաստանի հետ՝ աջակցելով երկրում իրականացվող բարեփոխումներին:




























