ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Մերձավոր Արևելք իր առաջին այցի շրջանակում շաբաթ ուշ երեկոյան ժամանել է Իսրայել, հայտնում է Reuters-ը։

Իր այցի ընթացքում Ռուբիոն քննարկելու է Գազայի շուրջ ստեղծված իրավիճակը և Իսրայելի վրա պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման հարձակման հետևանքները, ինչպես նաև պաշտպանելու է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ տարածաշրջանում ստատուս քվոն խախտելու մոտեցումը, անցյալ շաբաթ հայտարարել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը։

Հունվարի 25-ին Թրամփն առաջին անգամ առաջարկ էր արել, որ Եգիպտոսն ու Հորդանանն ընդունեն Գազայի հատվածից պաղեստինցիներին, սակայն նրանք կտրականապես դեմ են հանդես եկել այդ առաջարկին։

Փետրվարի 4-ին Վաշինգտոնում Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի հետ հանդիպումից հետո արած ցնցող հայտարարության մեջ Թրամփն առաջարկել է 2,2 միլիոն պաղեստինցիների վերաբնակեցնել Գազայից, ԱՄՆ-ի  վերահսկողության տակ առնել ավերված առափնյա անկլավը և այն վերածել «Մերձավոր Արևելքի ռիվյերայի»:

Թրամփը հայտարարել է, որ իր ծրագրով, պաղեստինցիներն իրավունք չեն ունենալու  վերադառնալ Գազա։

ԱՄՆ-ի դաշնակից Իսրայելի ռազմական հարձակումը Գազայի վրա, որը դադարեցվել է փխրուն հրադադարից հետո, վերջին 16 ամսվա ընթացքում ավելի քան 47․000 պաղեստինցու կյանք է խլել, հայտնում է Գազայի առողջապահության նախարարությունը: Հարձակումը ստիպել է Գազայի գրեթե ողջ բնակչությանը լքել իրենց տները, և սով է սկսվել։

Տասնամյակներ շարունակվող իսրայելա-պաղեստինյան հակամարտության վերջին սրումը սկսվեց 2023 թվականի հոկտեմբերի 7-ին, երբ ՀԱՄԱՍ-ի պաղեստինցի զինյալները հարձակվեցին Իսրայելի վրա՝ սպանելով 1200 մարդու և մոտ 250-ի պատանդ վերցնելով: