Հայ ազգային կոնգրեսի համար 2011 թվականն ամենաակտիվ տարին էր: Այսօր` դեկտեմբերի 21-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց ՀԱԿ կենտրոնական գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանը, որպես ասվածի ակացույց նշելով, որ 2011 թվականին ՀԱԿ-ն անցկացրել է 22 հանրահավաք, քայլերթ ու 7-օրյա շուրջօրյա հանրահավաք:

Նրա ներկայացմամբ, 2011 թվականը կարեւոր էր նրանով, որ ազատ արձակվեցին քաղբանտարկյալները եւ իշխանություններին չհաջողվեց քաղբանտարկյալներին օգտագործել որպես «քաղաքական առեւտրի առարկա»:

2011-ի կարեւոր իրադարձությունների շարքում, Զուրաբյանը հիշատակեց հանրահավաքների անցկացման ազատությունը, կոալիցիոն իշխանության հետ սկսած ու կիսատ թողնված երկխոսությունը, նաեւ Սերժ Սարգսյանի հրաժարականի իրավական հիմքերի բնութագիրը ներկայացնելը:

Ինչ վերաբերում է նրան, որ արտահերթ ընտրություններ այդպես էլ չկայացան, որի համար պայքարում էր ՀԱԿ-ը, Զուրաբյանն ասաց. «Արտահերթ ընտրությունների չիրականացումը ոչ միայն ՀԱԿ-ի, այլ բոլորի՝ յուրաքանչյուր հայ քաղաքացու ձախողումն է, որի համար պատասխանատու է մեզանից յուրաքանաչյուրը»: