Թուրքիայի եւ Իսրայելի միջեւ փոխհարաբերություններում առկա լարվածությունը չի անհանգստացնում Անկարայում Իսրայելի նախկին դեսպան Էլի Շակեդին, գրում է իսրայելական Jewish Tribune թերթը:

Պարբերականը նշում է, որ "վերջերս Երուսաղեմում կայացած ճեպազրույցի ժամանակ Շակեդը հայտարարել է, թե Թել-Ավիվի նկատմամբ Թուրքիայի զայրույթն ու նրա Իրանի ու Սիրիայի նկատմամբ բարեհաճ վերաբերմունքն իրականում մարտավարական, բայց ոչ երբեք ռազմավարական քայլ են: Սակայն հարկ է նշել, որ նույն օրը, երբ Շակեդն ասել է այս խոսքերը, Թուրքիայում ձվերով հարվածել են երկրում Իսրայելի ներկայիս դեսպան Գաբի Լեւիին: Չհաշված, որ Թուրքիան Իրանի հետ 10-մլն-անոց նավթային պայմանագիր է ստորագրել՝ արհամարհելով ԱՄՆ զգուշացումները Իրանի նկատմամբ սանկցիաների վերաբերյալ:

Ըստ Շակեդի, Անկարայի ներկայիս քաղաքականության ճարտարապետ՝ երկրի ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավութօղլուն նեո-օսմանիզմ է դավանում, մի մարտավարություն, որը նշանակում է ընդհանուր շուկա իսլամական հարեւանների հետ եւ փորձում է Թուրքիայից գերտերություն սարքել՝ հզորացնելով նրա ռազմական եւ տնտեսական ուժը «հարեւանների հետ զրոյական խնդիրների» պարագայում:

Թերթը մեջբերել է նախկին դեսպանի խոսքերը, թե "Թուրքիան պետք է վերանայի դիվանագիտական միջոցները՝ փորձելով լուծել նախկին խնդիրները հարեւանների հետ: Օրինակ՝ Թուրքիան վերականգնեց Հայաստանի՝ արեւելյան հարեւանի եւ դարավոր թշնամու հետ դիվանագիտական հարաբերությունները: Դա իր հերթին հանգեցրեց խնդիրների Ադրբեջանի հետ, որը պայքար է մղում Հայաստանի կողմից «զավթած» տարածքների համար:

Թերթը նաեւ նշում Շակեդի դատողությունը, թե Անկարայի վատ վերաբերմունքը Իսրայելի նկատմամբ արդյունք է ԵՄ-ին ինտեգրվելու եւ անդամության հարցում Թուրքիայի ունեցած խնդիրների: Թուրքիայի՝ Իրանի հետ մերձեցումը սադրանք է ԱՄՆ-ի նկատմամբ: «Բայց ես վստահ եմ, որ Անկարան երբեք չի կտրի կապերը Իսրայելի եւ արեւմտյան հարեւանների հետ: Թուրքիայի վարչապետի հակասեմիթ լինելն այնքան էլ կարեւոր չէ այս դեպքում: Թուրքիան հակասեմիթ առաջնորդներ է ունեցել, որոնք կարողացել են թաքցնել դա»,- նշել է դեսպանը: