Մեր հայ ընկերները 20-րդ դարի առաջին ցեղասպանության զոհերն են եղել: Այդ մասին, այսօր` դեկտեմբերի 22-ին, հայտարարել է Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Անրի Ժիբրաելը` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի առնչությամբ:
Նրա գնահատմամբ, Թուրքիան ծրագրավորված կերպով ոչնչացրել է հայերին:
«Չի կարելի թույլ տալ, որ Հայոց ցեղասպանության ժխտումն անպատիժ մնա: Ես շոյված եմ, որ այսօր Հայոց Ցեղասպանության քրեականացման վերաբերյալ դեբատներ են տեղի ունենում խորհրդարանում: Ես պաշտպանելու եմ այդ օրինագիծը»,-հայտարարել է պատգամավորը: «Ես քվեարկելու եմ հանուն բոլոր հայ ընկերների, եւ քվեարկության ժամանակ մտածելու եմ Հրանտ Դինքի մասին»,-նշել է նա:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 22-ին Ֆրանսիայի Ազգային խորհուրդը քննարկում է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը: Այդ օրենքի խախտման դեպքում նախատեսվում է ազատազրկում 1 տարի ժամկետով եւ 45.000 եվրոյի չափով տուգանք:




























