Կա հինգ պատճառ, թե ինչու պետք է քվեարկել այս օրինագծի օգտին: Այդ մասին, այսօր` դեկտեմբերի 22-ին, Ֆրանսիայի Ազգային ժողովում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի քննարկումների ընթացքում հայտարարել է Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության պատգամավոր Ֆրանսուա Պիպոնին:
«Օրենքը պետք է ընդունել առաջին հերթին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, երկրորդ, հանուն նրանց ժառանգների: Ինչպես կարող ենք մենք նայել նրանց աչքերին` թույլ տալով նրանց նախնիների մահվան հիշատակի ժխտումը: Երրորդ պատճառը իրավաբանական սխալը ուղղելն է. Ֆրանսիան ճանաչել է երկու ցեղասպանություն` հրեաների Հոլոքոսթն ու Հայոց ցեղասպանությունը: Բայց Հոլոքոսթի ժխտման համար պատիժ է սահմանվում, իսկ Հայոց ցեղասպանության ժխտման համար` ոչ, ինչն արդարացի չէ: Չորրորդ պատճառը վերաբերում է մեր պատվին, մենք խոստացել ենք Ֆրանսիայի հայերին ընդունել օրենքը: Եւ հինգերորդ պատճառը Թուրքիայի հետ կառուցողական երկխոսություն սկսելն է»:
Պիպոնիի կարծիքով, այդ օրինագիծը հարձակում չէ Թուրքիայի դեմ. «Եւ հենց այդ պատճառով էլ մենք քվեարկելու ենք օրինագծի օգտին եւ չենք հիասթափեցնի Ֆրանսիայի հայերին: Նրանց հաճախ հիասթափեցրել են ինչպես աջերը, այնպես էլ ձախ քաղաքական ուժերը, եւ, հուսով եմ, որ այս անգամ արդարությունը կհաղթանակի: Մենք նաեւ կոչ ենք անում Սենատին ընդունել օրինագիծը»:
Իր հերթին պատգամավոր Պասկալ Կրոզոնը հայտարարել է, թե օրինագիծը ռասիզմի դեմ Ֆրանսիայի պայքարի արդյունք է. «Մենք պայքարում ենք պատմության աղավաղման դեմ»:
Նշենք, որ դեկտեմբերի 22-ին Ֆրանսիայի Ազգային ժողովում ընթանում է ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի քննարկումը: Օրենքով պատիժ է սահմանվում 45 հազար եվրո եւ մեկ տարվա ազատազրկում:




























