Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրենքի նախագծի ընդունումը չափազանց կարեւոր քայլ է այդ հանցագործությունների կանխարգելման ու պատժման ուղղությամբ: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Հայաստանի Ազգային ժողովի Եվրաինտեգրման հանձնաժողովի նախագահ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
«Ես վստահ էի, որ Ֆրանսիայի Ազգային ժողովը վավերացնելու է ժխտողականությունը մերժող այդ բանաձեւը ընդհանրապես ցեղասպանոթյունների վերաբերյալ: Հասկանալի է, որ այն, ըստ էության, իր բովանդակության մեջ ուղղված է Հայոց ցեղասպանության ժխտողականության դեմ: Ես սա շատ կարեւոր քայլ եմ համարում ընդհանրապես ցեղասպանությունների կանխարգելման, պատժման հարցում»,- նշեց պատգամավորը եւ հավելեց. «Կարծում եմ` Թուրքիան պետք է ոչ թե սպառնալիքներով հանդես գա, ինչը արդեն տեւական ժամանակ անում է Ֆրանսիայի հասցեին, այլ պետք է հասկանա, որ, միեւնույն է, ճշմարտությունը վաղ թե ուշ հաղթանակելու է: Եւ ոչ մի դեմարշ, ոչ մի քայլ ի զորու չէ կանգնեցնելու ճշմարտության հաղթարշավը: Թուրքիան, որ հավակնում է դառնալ Եվրամիության անդամ, պետք է ի վերջո մի օր այնպիսի վերնախավ ունենա, որը իր մեջ ուժ գտնելու հաշտվել իր անցյալի հետ, բաց նայելու իր անցյալին»:
Նաիրա Զոհրաբյանը իր շնորհակալությունը հայտնեց Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորներ Ֆրանսուա Ռոշբլուանին, Ռենե Ռուքեին, հատկապես Վալերի Բուայեին, ով օրինագծի հեղինակն էր: «Հույս ունեմ, որ Սենատը եւս կհաստատի նախագիծը, եւ Ֆրանսիայի նախագահը կվավերացնի այն»,- ամփոփեց պատգամավորը:
Նշենք, որ դեկտեմբերի 22-ին Ֆրանսիայի Ազգային ժողովն ընդունեց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի քննարկումը: Օրենքով պատիժ է սահմանվում 45 հազար եվրո եւ մեկ տարվա ազատազրկում: Հիշեցնենք, որ Թուրքիան նախքան քվեարկությունը, Ֆրանսիային սպառնում էր լուրջ հետեւանքներով, ընդհուպ մինչեւ Փարիզում Թուրքիայի դեսպանի հետկանչը եւ առեւտրային հարաբերությունների խզումը:




























