Ֆրանսիայի կողմից ճանաչված ցեղասպանությունների, այդ թվում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը այդ երկրի խորհրդարանում ընդունվել է ձայների ճնշող մեծամասնությամբ: Այս մասին հաղորդում է ֆրանսիական Le Figaro թերթը` անդրադառնալով այսօր` դեկտեմբերի 22-ին, Ֆրանսիայի Ազգային ժողովում այդ օրինագծի ընդունմանը:
Աղբյուրի համաձայն, օրինագծի ընդունման օգտին քվեարկել են իշխող «Հանուն ժողովրդական շարժման միություն», «Նոր կենտրոն», Սոցիալիստական եւ Ֆրանսիական կոմունիստական կուսակցությունները:
Իշխող կուսակցությունից օրինագծին դեմ են քվեարկել Ժակ Միարը, Լիոնել Տարդին, Միշել Դիֆենբահերը, Ժան-Ֆիլիպ Մորեն եւ Ժան Բարդեն:
Քվեարկությանը չմասնակցած Դեմոկրատական շարժման նախագահ Ֆրանսուա Բերուն իր անհամաձայնությունն է հայտնել օրինագծին, այն անվանելով «անհիմնա» եւ «վտանգավոր»: Իշխող «Հանուն ժողովրդական շարժման միություն»-ից Քրիստիան Վանեսթը չի մասնակցել քվեարկությանը, օրենքի նախագծի տեքստն անվանելով «անտեղի»:
ԱԺ արտաքին հարցերի հանձնաժողովի նախագահ, նույնպես իշխող կուսակցությունը ներկայացնող Աքսել Պոնյատովսկին ձեռնպահ է մնացել: Քվեարկությանը չի մասնակցել է նաեւ Ժան Գլավանին, ով Սոցիալիստական կուսակցության միակ պատգամավորն է, ով ընդդիմացել է առաջարկված օրինագծին: Նա օրինագիծը համարում է «հակասահմանադրական»:
«Հանուն ժողովրդական շարժման միություն» կուսակցությունից նախկին նախարար Էրվե դե Շարեթը, ով նույնպես բացասաբար է ենթարկվում օրինագծին, քվեարկության ժամանակ լքել է նիստերի դահլիճը:




























