Այո, մենք պետք է Թուրքիայի հետ աշխատենք. մենք աշխատում ենք Թուրքիայի հետ և շարունակելու ենք աշխատել։ Այս մասին, այսօր՝ մարտի 4-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
«Ցավում եմ, որ Ադրբեջանը Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունները, հայ-թուրքական սահմանի հարցը, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցը պատանդ է վերցրել և փորձում է ազդեցություն ունենալ։ Դա շատ վատ է, դա կարծում եմ՝ Թուրքիայի համապատասխան պաշտոնյաները նույնպես հասկանում են»,-ասաց նա:
Սիմոնյանը նշեց, թե Հայաստանն իր դիրքորոշումներով ցույց է տվել, որ պատրաստ է խաղաղության. «Հույս ունենք, որ Թուրքիան տեսնելով այդ քայլերը, նույնպես իր դիրքորոշումը կսկսի ավելի հստակ արտահայտել»:
Ալեն Սիմոնյանը նկատեց, որ այս փուլում որևէ երկիր մոդերատորի դեր չունի և Հայաստանն ու Ադրբեջանը մեծ մասամբ ուղիղ բանակցությունների, ուղիղ խոսակցության շնորհիվ են կարողանում հասնել իրենց ուզածին»:
ԱԺ նախագահը հավելեց, որ Ժնևում Թուրքիայի ԱԺ նախագահի հետ հանդիպումը շատ դրական է գնահատում:





























