Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան ուրբաթ առաջարկել է սահմանադրությամբ ամրագրել ՀՆԱ-ի առնվազն 4%-ի չափով պաշտպանության ծախսերը, իսկ վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ յուրաքանչյուր չափահաս տղամարդ պետք է ռազմական պատրաստություն անցնի, հաղորդում է Reuters գործակալությունը:
Հարևան Ուկրաինայում մոլեգնող պատերազմի պայմաններում Լեհաստանն այժմ իր ՀՆԱ-ի ավելի մեծ մասն է ծախսում պաշտպանության վրա, քան ՆԱՏՕ-ի որևէ այլ անդամ, ներառյալ Միացյալ Նահանգները:
ՆԱՏՕ-ի գնահատականներով, Լեհաստանի պաշտպանական ծախսերը անցյալ տարի հասել են ՀՆԱ-ի 4,1%-ին, իսկ այս տարի նախատեսվում է հասնել 4,7%-ի: Ավելի ուշ Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը խորհրդարանին հայտնել է, որ պաշտպանության համար ծախսերի 5%-ն անհրաժեշտություն է թվում, սակայն լեհերը «դեռ շատ աշխատանք ունեն անելու»:
Նա հավելել է, որ կառավարությունը մտադիր է մինչև տարեվերջ պատերազմի դեպքում յուրաքանչյուր չափահաս տղամարդու վերապատրաստման համակարգ ներդնել՝ չհայտնելով մանրամասները:
Նա միաժամանակ հայտարարել է, որ աջակցում է հակահետևակային ականների և կասետային զինամթերքի կիրառումն արգելող միջազգային կոնվենցիաներից Լեհաստանի դուրս գալը: Դուդան հինգշաբթի Բրյուսելում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի բոլոր երկրները պետք է անհապաղ պաշտպանական ծախսերը հասցնեն ՀՆԱ-ի առնվազն 3 տոկոսին:
Եվրամիության առաջնորդները հինգշաբթի Բրյուսելում պաշտպանել են պաշտպանական ծախսերն ավելացնելու ծրագրերը:
Միաժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կասկածի տակ է դրել ՆԱՏՕ-ում Վաշինգտոնի շահերը պաշտպանելու իր պատրաստակամությունը։





























