ԱՄՆ առևտրի նախարար Հովարդ Լութնիկն ուրբաթ հայտարարել է, որ Հնդկաստանի կողմից Ռուսաստանից զենքի գնումները և նրա մասնակցությունը ԲՐԻԿՍ (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան և Հարավային Աֆրիկա) դաշինքին, որը ձգտում է «փոխարինել» ԱՄՆ դոլարը, խոչընդոտներ են հնդկա-ամերիկյան հարաբերությունների համար։

«Նրանք (ԲՐԻԿՍ-ը) փորձում էին ստեղծել արժույթ, որը կփոխարինի դոլարին որպես աշխարհի գլոբալ տնտեսական արժույթ: Գիտեք, նման բաները չեն ստեղծում այն ​​սերն ու ջերմությունը, որը մենք իսկապես խորապես զգում ենք Հնդկաստանի հանդեպ»,- ասել է Լութնիկը India Today-ին տված հարցազրույցում: 

ԱՄՆ առևտրի նախարարը հայտարարել է, որ Դոնալդ Թրամփի վարչակազմը ցանկանում է, որ առևտուրը երկու երկրների միջև «առավել արդար» լինի և «կցանկանար ստեղծել անհավանական, ամուր և գործուն հարաբերություններ»:

Ըստ Լութնիկի՝ այս «հատուկ բաները» լուրջ խոչընդոտ են:

Նա միաժամանակ Հնդկաստանին անվանել է  ԲՐԻԿՍ-ի գլխավոր խաղացող:

ԱՄՆ նախարարը նաև ընդգծել է, որ Հնդկաստանի պատմական պաշտպանական կապերը Ռուսաստանի հետ պետք է դադարեցվեն։

«Դուք գիտեք, որ Հնդկաստանը պատմականորեն զգալի քանակությամբ ռազմական ապրանքներ է գնել Ռուսաստանից, և մենք կարծում ենք, որ դա պետք է դադարեցվի», - ասաց նա:

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև շարունակվող պատերազմի պայմաններում Հնդկաստանը բազմիցս մերժել է Վաշինգտոնի և Մոսկվայի միջև ընտրության վերաբերյալ քննարկումները, ընդ որում արտգործնախարար Ջայշանքարը շեշտում է իր կառավարության բազմավեկտոր քաղաքականությունը:

Համաշխարհային ֆորումներում Ջայշանքարը կրկին ու կրկին պաշտպանել է ռուսական էներգիա գնելու Հնդկաստանի որոշումը՝ չնայած ԱՄՆ գլխավորած արևմտյան ուժերի կողմից սահմանված պատժամիջոցներին: