Շատ ավտոարտադրողներ ցանկանում են արտադրություն սկսել ԱՄՆ-ում՝ մաքսատուրքերից խուսափելու համար, Սպիտակ տանը լրագրողներին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

Ըստ նրա՝ ԱՄՆ-ում մաքսատուրքերի պատճառով գնային որոշակի տատանումներ կարող են լինել։

«Բայց ես ավտոարտադրողների համար ժամկետը մեկ ամսով երկարաձգեցի, քանի որ, գուցե, դա արդարացի չէր նրանց նկատմամբ»,- ասել է ԱՄՆ նախագահը։

Թրամփը նաև պատմել է ավտոմեքենա արտադրող ընկերությունների ղեկավարների հետ հեռախոսազրույցի մասին, որոնք զանգահարել են իրեն և օգնություն խնդրել։

«Այն ընկերությունները, որոնք բավարարում են մեր USMCA համաձայնագրի պահանջները, նրանց ժամկետները հետաձգվել են»,- ասել է ԱՄՆ նախագահը` ընդգծելով, որ ԱՄՆ-ը մաքսատուրքեր կսահմանի ապրիլի 2-ից։

Ըստ Թրամփի՝ «մաքսատուրքերը մեզ շատ լավ բաներ են խոստանում, և դրանք մեզ հնարավորություն կընձեռեն նոր աշխատատեղեր ստեղծել ԱՄՆ-ում»։

«Միգուցե այս աշխատատեղերը վերանան աշխարհի այլ մասերում, բայց աշխարհի այս մասերում երկար ժամանակ ամեն ինչ շատ լավ է եղել: Կարծում եմ՝ ԱՄՆ-ը կունենա ռեկորդային բիզնես, և արտադրական ոլորտի այդ 90 հազար աշխատատեղերը կվերադառնան մեր երկիր», - նշել է ԱՄՆ նախագահը: