«Ըստ իս՝ նա անում է այն, ինչ իր փոխարեն կաներ ցանկացած մեկը: Կարծում եմ՝ նա ցանկանում է ավարտել պատերազմը, բայց նա հատկապես ուժեղ հարվածում է նրանց հենց հիմա՝ որոշակի առավելություն ստանալու համար», - Օվալաձև աշխատասենյակում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ պատասխանելով Ուկրաինայի վերաբերյալ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մտադրությունների մասին հարցին։

«Նա ցանկանում է ավարտել պատերազմը։ Կարծում եմ՝ Ուկրաինան նույնպես ցանկանում է վերջ տալ պատերազմին, քանի որ նրանք այժմ շատ դժվար ժամանակներ են ապրում»,- ասել է Թրամփը:

Ըստ ԱՄՆ նախագահի՝ ինքն այնքան էլ չի հասկանում, թե ինչու են «դանդաղեցնում» խաղաղ գործընթացը՝ ակնհայտորեն նկատի ունենալով հակամարտության երկու կողմերին։

Այդ առնչությամբ նա դիմել է ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցին և հարցրել, թե արդյոք նրանք հասկանում են իրավիճակը։

«Այո, նրանք հասկանում են իրավիճակը։ Դա պարզապես մսաղաց է: Հսկայական կորուստներ ռուսական կողմից: Եվ ոչ մեկն այս խնդրին ոչ մի լուծում չունի»,- նշել է Ուոլցը՝ հավելելով, որ Դոնալդ Թրամփի պաշտոնավարման օրվանից այս հարցի շուրջ շարունակական բանակցություններ են ընթանում Ֆրանսիայի նախագահի, Մեծ Բրիտանիայի վարչապետի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ։