«Ոչ երեխաների վաճառքին» նախաձեռնությունը բաց նամակ է հղել առողջապահության նախարար Հարություն Քուշկյանին, որտեղ իր զայրույթն է հայտնում, որ երկու նորածինների վաճառած բժիշկը շարունակում է աշխատել առողջապահական համակարգում:

Նամակում, մասնավորապես, ասվում է.

«Օրերս զայրույթով ու զարմանքով տեղեկացանք, որ Երեւանի Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոնում դեռ շարունակում է աշխատել ու իր մասնագիտական պարտականությունները «կատարել» բժշկուհի Նաիրա Բալայանը: Նա դատապարտվել է երկու տարի ազատազրկման Քրեական օրենսգրքի 168-րդ հոդվածի առաջին մասով առնվազն 2 նորածինների վաճառելու համար. վճիռը հաստատվել է ՀՀ Վճռաբեկ դատարանում 2011 թ-ի սեպտեմբերի 26-ին եւ վերջնական է:

Դեպքի մանրամասները ԱՍՏԵՂ:

Հիմա Ն. Բալայանը ժամանակավորապես ազատության մեջ է մանկահասակ երեխային խնամելու պատրվակով: Սակայն շատ զարմանալի է, որ Նաիրա Բալայանը մինչ օրս չի հեռացվել աշխատանքից, թեեւ նա հանցանք է գործել հենց իր մասնագիտական պարտականությունները կատարելիս: Ոչ մի երաշխիք չկա, որ նա չի շարունակի իր հանցավոր գործունեությունը եւ հանուն փողի չի փորձի խաղալ նաեւ այլ նորածինների ճակատագրերի հետ` թաքնվելով բժշկի խալաթի ետեւում:

Հաշվի առնելով ծննդօգնության բարելավման եւ զարգացման բնագավառում Ձեր մեծ ներդրումը`կարծում ենք, որ նրա նման վայ բժիշկների առկայությունը ստվերում է իրավիճակը փոխելու Ձեր ջանքերը: Անմիջականորեն մարդկային կյանքերի հետ գործ մասնագետների դերն  ուղղակի անգնահատելի է, սակայն իրենց պարտականություններին նման «պատասխանատվությամբ» մոտեցող բժիշկներն են, որ անվստահություն են սերմանում բնակչության շրջանում ու ստվերում իրենց աշխատանքին ու կոչման անվերապահ նվիրված բժիշկների աշխատանքը:

Հուսով ենք, որ Դուք հետեւողական կլինեք ու թույլ չեք տա երեխաների վաճառքի ջատագով բժիշկներին ոտնատակ անել բժիշկների պատիվը»: